Երբ ասում էի, որ անկախ նրանից՝ ընտրությունները կլինեն արտահերթ, թե հերթական, չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, նկատի ունեի Սահմանադրության հանրաքվեից հետո ընկած ժամանակահատվածը։ Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ եթե հիմա ընդդիմությունը չընդունի իմ առաջարկը, և մենք գնանք արտահերթ ընտրությունների, ես չեմ ասել, որ մինչև սահմանադրական հանրաքվեն արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին», - ասաց Կառավարության ղեկավարը։

Նա նաև մեկնաբանեց ընդդիմադիր գործիչների հայտարարություններն այն մասին, որ իրենք չեն վստահում Փաշինյանի խոսքերին։

«Նրանք ասում են. «Մենք չենք վստահում, որ հետագայում դուք չեք առաջադրի ձեր թեկնածությունը վարչապետի պաշտոնում»։ Ես պատասխանում եմ. «Հրաշալի է... Բայց հենց դա էլ դարձավ հեղափոխության պատճառը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, սակայն հետո, այնուամենայնիվ, առաջադրեց։ Եթե ես նույն կերպ վարվեմ, դա կնշանակի, որ ես իմ ձեռքերով գնացել եմ հեղափոխական իրավիճակ ստեղծելու ճանապարհով։ Այդ դեպքում ես, փաստորեն, իշխանությունը սկուտեղի վրա կմատուցեմ ընդդիմությանը։ Նրանք պետք է օգտվեն այդ հնարավորությունից։ Սա նվեր է ընդդիմությանը»», - հավելեց վարչապետը։