TRIPP նախագծի մեկնարկը խախտել է Ռուսաստանի նախկին ծրագրերը, սակայն նրա ներկայությունը տարածաշրջանում կշարունակի զգացվել։ Այս մասին նոյեմբերի 26-ին Երևան–Մոսկվա տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Զելտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ակնկալել է գլխավոր դեր խաղալ Հարավային Կովկասի տարանցիկ նախագծերում։ Մինչդեռ TRIPP-ն ուղղված է տարածաշրջանի լոգիստիկ շղթաներում Ռուսաստանի դերի նվազեցմանը, ինչում շահագրգռված է նաև Թուրքիան։

Զելտինի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի խոչընդոտի նախագծին, այլ կփորձի դրական լուծումներ գտնել և ուժեղացնել իր դերն այս միջանցքի աշխատանքում։ Նա հավելել է, որ Մոսկվան դրա համար որոշակի լծակներ ունի։

Ըստ քաղաքագետի՝ բեռնափոխադրումներից բացի, նախագիծը նախատեսում է նաև էլեկտրաէներգիայի հոսքեր ապահովել Նախիջևանով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ «Միաժամանակ Հայկական ատոմային էլեկտրակայանն ամբողջությամբ կախված է ռուսական գործոնից։ Կարծում եմ, որ Ռուսաստանը դա կօգտագործի արտաքին մասնակցի իր դերն ուժեղացնելու համար»,– ընդգծել է նա։

Զելտինի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան կարևոր են Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության համար և շահագրգռված են նախագծի իրականացմամբ։ Դա լուրջ պատճառ է, որ Մոսկվան չխոչընդոտի նախագծին, այլ փորձի մասնակցել դրան։