Իրանը ստիպված կլինի փոխել TRIPP նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այս կարծիքը նոյեմբերի 26-ին Երևան–Մոսկվա տեսակոնֆերանսի ժամանակ հայտնել է ռուս քաղաքագետ Անդրեյ Զելտինը։

Նա պարզաբանել է, որ Իրանն արդեն նշել է իր կարմիր գծերը․ Թեհրանին մտահոգում են Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու ԱՄՆ-ի փորձերը։ Սակայն տարածաշրջանում շահեր ունեն նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք մեծապես շահագրգռված են TRIPP նախագծով։

Զելտինի գնահատմամբ՝ եթե առաջին մեկ-երկու տարում նախագիծը հաջողությամբ իրականացվի, իսկ ԱՄՆ-ի հետ հակամարտությունն ավարտվի, Թեհրանի հայտարարությունները որոշ չափով կփոխվեն։

«Թեհրանի ներկայիս հայտարարությունները հիմնականում պայմանավորված են Միացյալ Նահանգների հետ շարունակվող հակամարտությամբ։ Այդ պատճառով Թեհրանում թշնամաբար են ընդունում Վաշինգտոնի ցանկացած նախաձեռնություն։ Սա քիչ առնչություն ունի նախագծի գործնական իրականացման հետ, որից Թեհրանը կարող է շահել»,– ընդգծել է Զելտինը։

Նա հավելել է, որ TRIPP նախագիծը, մեծ հավանականությամբ, կշարունակվի նաև ԱՄՆ նախագահի պաշտոնից Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո։ «Բացի այդ, Թրամփը դեռ երկու տարի նախագահ է լինելու, և այդ ընթացքում նախագիծը կարող է նոր բովանդակություն ստանալ»,– եզրափակել է փորձագետը։