Ես կնախընտրեի մեր ռուս գործընկերների հետ խոսել ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին։ Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին։
Վարչապետի խոսքով՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ կողմերը չպետք է որևէ կերպ վնասեն միմյանց։ Այդուհանդերձ, նա անհնար համարեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի չեղարկումը։
«Եվ դրա համար մի քանի պատճառ կա։ Առաջին պատճառն այն է, որ օրենքն ընդունվել է քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ։ Այսինքն՝ այնպես չէ, որ օրենքն ընդունվել է գործող Կառավարության կամ անձանց նեղ շրջանակի շահերից ելնելով։ Երկրորդ՝ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում այդ օրենքն ու քննարկումը դրական արձագանք են ստացել Հայաստանի քաղաքացիների կողմից։ Վերջիններիս մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք պետք է շարունակեն զարգանալ»,– ասաց Կառավարության ղեկավարը։
Միաժամանակ նա հավաստիացրեց, որ Հայաստանը որևէ կերպ չի ցանկանում վնասել Ռուսաստանին և նրա շահերին, սակայն, ինչպես նշեց Փաշինյանը, իր և իշխանությունների համար սեփական երկրի շահերը շատ ավելի բարձր են ՌԴ շահերից։





























