Երկու օր առաջ գրառմամբ պնդեցի, որ նոր Սահմանադրության հայտնի նախագիծը քննարկելու առիթ չկա։ Պատճառն էլ հստակ նշեցի՝ խորհրդարանական ընդդիմությունը հստակ հայտարարել է, որ չի ապահովելու անհրաժեշտ վեց ձայնը, ուստի նախագիծը հանրաքվեի չի դրվելու։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ լրատվամիջոցների ներկայացուցիչները շարունակում են հարցնել այս մասին, փորձեմ ավելի հստակ ձևակերպել միտքս։

Եթե ընդդիմությունը հայտարարում է, որ մերժում է նախագիծը, ապա այն հանրային ու քաղաքական օրակարգի մաս չի դառնալու։ Ավելի պարզ ասած՝ նախագիծն արժեք չունի այնքան ժամանակ, քանի դեռ այն հանրաքվեի դնելու իրական հնարավորություն չկա։ Իսկ մի նախագիծ, որն ընդունվելու անգամ տեսական հնարավորություն չունի, բովանդակային քննարկման արժանի չէ։

Հետևաբար, կարծում եմ՝ նախագծի բովանդակությունը քննարկման առարկա դարձնելն անհարգալից վերաբերմունք կլինի հենց ընդդիմության նկատմամբ։ Այդպես կստացվի, թե չենք հավատում այն մերժելու մասին ընդդիմության հայտարարությանը։ Իսկ դրան չհավատալը կնշանակի ընդդիմությանը մեղադրել նիկոլական լինելու մեջ։

Լրագրողներից մեկը, սակայն, մի հարց տվեց, որն ինձ լրջորեն մտահոգեց՝ իսկ ի՞նչ անել, եթե հենց ընդդիմությունն է նախագծի բովանդակությունը դարձնում խոր քննարկման առարկա»։