Ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոելին հայտարարել է ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության միջազգային էներգետիկ ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին։ Գնորդը կոնսորցիում է, որի կազմում ընդգրկված է նաև ԱՄՆ Միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիան (DFC)՝ արտասահմանյան նախագծերում ներդրումներ կատարող պետական կառույցը, հայտնում է Reuters-ը։
Համաձայնագիրը ավելի քան մեկ տարի տևած բանակցությունների արդյունք է։ Այն նախատեսում է «Լուկօյլի» 10 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթերի փոխանակում ընկերության միջազգային ակտիվների դիմաց, հայտնել են Բոելին և DFC-ի ներկայացուցիչը։
Գործարքը դեռ պետք է ստուգում անցնի ԱՄՆ ֆինանսների նախարարությունում։ Գերատեսչությունը, որը 2025 թվականի հոկտեմբերին պատժամիջոցներ էր սահմանել «Լուկօյլի» դեմ, կգնահատի՝ արդյոք գործարքը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության պահանջներին։ Այն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է նաև Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) թույլտվությունը։ Գործընթացին ծանոթ աղբյուրի խոսքով՝ ստուգումը կարող է ժամանակ պահանջել՝ հաշվի առնելով ռուսական ընկերության արտասահմանյան պորտֆելի մեծ ծավալը։
Վաշինգտոնն ակնկալում է մասնաբաժին ստանալ ձեռք բերված ակտիվների ապագա շահույթից։ Համաձայնագրի պայմաններով՝ ամերիկյան կողմը DFC-ի միջոցով նաև տեղ կունենա նոր ընկերության տնօրենների խորհրդում։ Պետության մասնաբաժինն առայժմ չի բացահայտվում։ Այն կկարողանա մասնակցել շահույթի բաշխմանը միայն այն բանից հետո, երբ կոնսորցիումի մասնավոր ներդրողները հետ ստանան ներդրված կապիտալն ու համաձայնեցված եկամուտը։
«Ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքային ակտիվների փոխանցումն ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ձեռքը վարչակազմի առանցքային առաջնահերթություններից է», — Reuters-ին հայտարարել է DFC-ի ներկայացուցիչը։
«Լուկօյլի» միջազգային ակտիվները գնահատվում են 16 միլիարդ դոլար
Գործարքի պայմաններին ծանոթ երկու աղբյուրների գնահատմամբ՝ «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվների արժեքը կազմում է շուրջ 16 միլիարդ դոլար։ Ընկերությունը գործունեություն է ծավալում մոտ 40 երկրում։ Նրա պորտֆելում ներառված են Ադրբեջանում, Ղազախստանում և ևս ինը երկրում գտնվող նավթահանքեր, որոնց արդյունահանման ընդհանուր ծավալը կազմում է օրական շուրջ 350 հազար բարել։
Ակտիվների թվում են նաև Նիդերլանդներում, Բուլղարիայում և Ռումինիայում գտնվող նավթավերամշակման գործարանները, ինչպես նաև ավտոլցակայանների խոշոր ցանցը, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Բոելին նշել է, որ պորտֆելի գնահատականը կարող է փոխվել՝ կախված նավթի գների կանխատեսումներից։
Արժեթղթերն արտասահմանյան ակտիվներով փոխանակելու՝ Բոելիի գլխավորած կոնսորցիումի առաջարկն ի սկզբանե չէր ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարության հավանությունը, սակայն հետագայում արժանացել է Պետդեպարտամենտի աջակցությանը, հայտնել է Reuters-ի զրուցակիցներից մեկը։
Փոխանակման համար նախատեսված՝ «Լուկօյլի» արժեթղթերը ձեռք են բերվել ամերիկյան և բրիտանական ներդրումային հիմնադրամներից, ինչպես նաև ամերիկյան դեպոզիտար բանկերից, որոնք դրանք պահում էին մասնավոր ներդրողների անունից։ Բազմաթիվ միջազգային ներդրողներ տիրապետում էին ռուսական ընկերության բաժնետոմսերին, քանի որ այն ընդգրկված էր զարգացող շուկաների խոշոր ինդեքսներում։ 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո այդ արժեթղթերը սառեցվել և արժեզրկվել էին։
«Ըստ էության՝ մենք փոխանակում ենք ամերիկացիների համար ոչ մի արժեք չունեցող բաժնետոմսերը գումարի հետ, որը վերադառնում է նրանց», — պարզաբանել է Բոելին, որը գլխավորում է 75 միլիարդ դոլարի ակտիվներ կառավարող Eldridge ներդրումային և ապահովագրական հոլդինգը։
Նրա խոսքով՝ սառեցված արժեթղթերը կփոխանակվեն ռազմավարական նշանակություն ունեցող Միջին միջանցքում տեղակայված իրական ակտիվների պորտֆելով։ Այդ տրանսպորտային և տնտեսական երթուղին Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպային՝ անցնելով Ռուսաստանից հարավ և Իրանից հյուսիս։
ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունն ստանալու համար արժեթղթերը կտեղաբաշխվեն Արաբական Միացյալ Էմիրություններում բացված էսքրոու հաշվին և անմիջապես չեն փոխանցվի «Լուկօյլին»։ Այս մեխանիզմը պետք է բացառի ռուսական ընկերության կողմից պատժամիջոցներով արգելված չնախատեսված ֆինանսական օգուտի ստացումը։
Բոելիի գնահատմամբ՝ գործարքի ավարտը կարող է տևել մինչև մեկ տարի։ Դրանից հետո նոր ձեռնարկությունը կվերանվանվի։ Նա հրաժարվել է բացահայտել կոնսորցիումի չորս մասնակիցների մասնաբաժինները։ Նրանց թվում են ամերիկյան Xtellus Partners բանկը և ԱՄԷ-ում գրանցված Catena Investment Holding-ը։
Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ անցյալ շաբաթ կոնսորցիումը լքել են ևս երկու մասնակից՝ սիրիա-կատարցի Ալ-Խայաթ եղբայրները և Աբու Դաբիում տեղակայված International Holding Company (IHC) ընկերությունը։ Նրանց հեռանալը վերացրել է հաջորդ տարի Կոնգրեսի վերահսկողությունը ստանձնելիք դեմոկրատների քննադատության հնարավոր առիթը։ Այս ներդրողների առևտրային կապերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ կարող էին գրավել օրենսդիրների լրացուցիչ ուշադրությունը։
IHC-ի ներկայացուցիչը չի պատասխանել մեկնաբանություն ստանալու վերաբերյալ Reuters-ի հարցմանը։ Բոելին նշել է, որ կոնսորցիումի կազմը փոփոխական է, սակայն ընդգծել է, որ մասնակիցների ներկայիս խումբը մտադիր է շարունակել գործարքի ուղղությամբ աշխատանքը։
Քաղաքական կապերն ու «Լուկօյլի» ակտիվների վաճառքի նախորդ փորձերը
Բոելին բաժնեմասեր ունի Los Angeles Lakers բասկետբոլային ակումբում և Los Angeles Dodgers բեյսբոլի թիմում, իսկ մինչև վերջերս նաև Chelsea ֆուտբոլային ակումբի փոքրամասնական բաժնետեր էր։ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ անցյալ տարի նա 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի հետ կապված MAGA Inc. քաղաքական կոմիտեին։ Այս տարի միլիարդատերը նաև ավելի փոքր գումարներ է փոխանցել Հանրապետական կուսակցության չորս թեկնածուների նախընտրական քարոզարշավներին աջակցելու համար։ Նախկինում նա նվիրատվություններ է արել նաև դեմոկրատներին։
Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում DFC-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկային, կենսական նշանակության հանքանյութերին և հեռահաղորդակցությանը։ «Լուկօյլի» հետ գործարքին կառույցի մասնակցությունն արտացոլում է վարչակազմի այն մոտեցումը, ըստ որի՝ ամերիկյան պետությունը ձգտում է մասնաբաժիններ ձեռք բերել ռազմավարական նշանակության ընկերություններում։ DFC-ն առանձին ձեռնարկությունների կապիտալում ներդրումներ է կատարել նաև նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք։
Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ DFC-ն «Լուկօյլի» ակտիվների հնարավոր ձեռքբերումը քննարկել է մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Chevron-ի, Glencore-ի և Carlyle Group-ի հետ։ Մասնավոր ներդրողները ցանկացել են ԱՄՆ կառավարության մասնակցության շնորհիվ լրացուցիչ երաշխիքներ ստանալ։
Ավելի վաղ այլ հավակնորդներ ևս համաձայնագրեր էին կնքել «Լուկօյլի» հետ, սակայն նախորդ փորձերից ոչ մեկը չէր հանգեցրել գործարքի ավարտին։ 2025 թվականին Gunvor թրեյդինգային ընկերությունը, որը հետագայում վերանվանվեց Centalion, հայտնել էր, որ ռուսական ընկերությունն ընդունել է իր առաջարկը։ Սակայն գնորդը հետ էր կանչել հայտը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Gunvor-ն անվանել էր «Կրեմլի խամաճիկ»։
Հունվարին Carlyle-ը նույնպես հայտարարել էր «Լուկօյլի» արտասահմանյան պորտֆելը ձեռք բերելու համաձայնագիր կնքելու մասին, սակայն չէր ստացել գործարքն ավարտելու համար անհրաժեշտ OFAC-ի արտոնագիրը։





























