Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանել է, թե որ դեպքերում են նախատեսում կիրառել նոր սահմանադրության նախագծում ներառված՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը։

Երևանում անցկացվող հայ-վրացական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նախարարը վստահեցրել է, որ երկրների մեծ մասն ունի նման գործիք։

Գալյանի խոսքով՝ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե հնարավոր կլինի քաղաքացիությունից զրկել հանցագործության մեղադրանքի հիման վրա։ Նա պարզաբանել է, որ դա հնարավոր կլինի միայն սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված հանցագործության, պետական դավաճանության, դիվերսիայի, պետական գաղտնիքի հրապարակման և նման այլ հանցագործությունների դեպքում։ Ընդ որում՝ անհրաժեշտ կլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Նախարարը նշել է, որ Հայաստանը չի միացել քաղաքացիության մասին կոնվենցիային, սակայն մասնակցում է քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին կոնվենցիային։ Նրա խոսքով՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը չպետք է հակասի այդ կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Գալյանը վստահեցրել է, որ բոլոր հարցերին պատասխաններ կտան, և խնդրել է առայժմ չտրվել մանիպուլյացիաներին։

Նա անհիմն է համարել պնդումները, թե հնարավոր կլինի հանրահավաքներին մասնակցելու համար քաղաքացիությունից զրկել կամ այլ երկրներին հանձնել մարդկանց՝ դրանք անվանելով «ֆանտաստիկայի ժանրից»։