Ճապոնական Kuhl Racing թյունինգ-արհեստանոցը ներկայացրել է նոր Toyota Land Cruiser FJ-ի վերափոխման նախագիծը՝ կոմպակտ ամենագնացը վերածելով արտաճանապարհային երթևեկության համար նախատեսված ավելի ագրեսիվ մեքենայի, հայտնում է Motor 1-ը։
Iron Build փաթեթը ներառում է մեծացված գետնահեռություն, զանգվածեղ թափարգելներ, խոշոր անիվներ և այլ տարրեր, որոնք ընդգծում են դասական արտաճանապարհային ոճը։

Land Cruiser FJ-ն առայժմ չեն նախատեսում ներկայացնել ամերիկյան շուկայում, թեև այնտեղ այն կարող էր մրցակցել Ford Bronco Sport-ի և Subaru Forester-ի հետ։ Ուստի ԱՄՆ-ում մոդելի երկրպագուներին մնում է հեռվից հետևել նորույթին, մասնավորապես՝ դրա թյունինգի ենթարկված տարբերակներին։
Iron Build նախագծի շրջանակում Kuhl Racing-ի մասնագետները վերափոխել են մեքենայի արտաքին տեսքը՝ պահպանելով անկյունավոր թափքը, սակայն դրան հաղորդելով զգալիորեն ավելի կոշտ ու հուժկու տեսք։ Առջևում տեղադրված է զանգվածեղ թափարգել՝ հատակի պաշտպանությամբ։ Բարձրացված կախոցը մեծացնում է գետնից ավտոմեքենայի բարձրությունը և հնարավորություն տալիս օգտագործել ավելի խոշոր արտաճանապարհային անվադողեր։
Արհեստանոցն առաջարկում է 18-դյույմանոց անվահեծեր՝ Dunlop Grantrek անվադողերով։ Ավելի արտահայտիչ արտաքին տեսք նախընտրողների համար նախատեսված են 20 և 22 դյույմ տրամագծով անվահեծերով տարբերակներ։ Մշակվում է նաև պողպատե պաշտպանիչ աղեղ՝ ներկառուցված լուսադիոդային լուսաձողով։ Լրացուցիչ կլոր լուսարձակներն ամենագնացին ռետրո ոճ են հաղորդում։

Մեքենայի հետևի հատվածը կստանա նոր թափարգել, որը կհամապատասխանի ավելի զանգվածեղ առջևի թափարգելին։ Նախատեսվող լրացուցիչ պարագաների թվում են հետևի դռան վրա պահեստային անիվի ամրակը, տանիքի բեռնակիրը, տանիքի հետևի հատվածի սփոյլերը և չորս ելքային խողովակով արտանետման համակարգը։ Սրահի համար կպատրաստվեն նստատեղերի հատուկ ծածկոցներ։
Թյունինգը չի սահմանափակվում արտաքին փոփոխություններով։ Kuhl Racing-ն աշխատում է նաև կարգավորվող կախոցի, ավելի հզոր արգելակային համակարգի և մեխանիկական գերլիցքավորիչի հավաքածուի վրա, որը պետք է մեծացնի շարժիչի հզորությունը։
Առայժմ Iron Build-ը մնում է հայեցակարգային նախագիծ, սակայն արհեստանոցը մտադիր է մոտ ապագայում ավտոմեքենան պատրաստել շահագործման։
Վերափոխումների ամբողջական փաթեթի արժեքը կազմում է 1 միլիոն 32 հազար 130 իեն՝ մոտ 6475 ԱՄՆ դոլար։ Բուն Land Cruiser FJ-ի հետ միասին նման համալրմամբ մեքենան կարժենա մոտ 5,25 միլիոն իեն կամ 33 հազար 20 ԱՄՆ դոլար։ Գները վերաբերում են ճապոնական շուկային, իսկ այլ երկրներում սարքավորումների հասանելիությունը դեռ որոշված չէ։
Toyota-ն չի հայտարարել ԱՄՆ-ում Land Cruiser FJ-ը վաճառելու ծրագրերի մասին։ Ուստի մոդելի ամերիկացի երկրպագուներին առայժմ մնում է սպասել տեղական շուկայում ամենագնացի հնարավոր հայտնվելու մասին նորություններին։




















