2027 թվականի հունվարի 1-ից Մոսկվայում կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ աշխատող օտարերկրացիների համար աշխատանքային արտոնագրի արժեքը ամսական 10 հազարից կդառնա 11 հազար ռուբլի, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ֆիզիկական անձանց մոտ ձեռնարկատիրության հետ չկապված անձնական կարիքների համար աշխատող օտարերկրացիների համար արտոնագրի արժեքը կկազմի ամսական 15,6 հազար ռուբլի։
Մայրաքաղաքի հարկային օրենսդրության փոփոխությունները Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներն ընդունել են նոյեմբերի 25-ին։ Փոփոխությունները պայմանավորված են աշխատանքային ներգաղթյալների շրջանում առավել պահանջված տնտեսության ճյուղերում միջին աշխատավարձի աճով։
«Առաջարկվող միջոցները հնարովորություն կտան հարկային բեռի ավելի արդար բաշխում ապահովել և պահպանել քաղաքի հարկային քաղաքականության հավասարակշռվածությունը»,- պարզաբանել է օրինագիծը ներկայացրած՝ Մոսկվայի տնտեսական քաղաքականության և զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դարյա Մուրչենկոն։
Ընդհանուր առմամբ պատգամավորները հավանություն են տվել քաղաքային հինգ օրենքներում փոփոխություններին։ Բացի աշխատանքային արտոնագրերի արժեքի ճշգրտումից, փաթեթը նախատեսում է փոփոխություններ ներդրումային հարկային նվազեցման, հարկման պատենտային համակարգի և կազմակերպությունների գույքահարկի վճարման կարգի մեջ։ Ներդրվում է նաև աշխատաշուկայի տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնող գործակից։
Աշխատանքային արտոնագրերի արժեքը բարձրանում է նաև Ռուսաստանի այլ տարածաշրջաններում։ Սանկտ Պետերբուրգում և Սվերդլովսկի մարզում այն համապատասխանաբար 8 հազար և 9,5 հազար ռուբլուց կբարձրանա մինչև Մոսկվայի համար նախատեսված մակարդակները։ Անդրբայկալյան երկրամասում պատենտի ամսական արժեքը կկազմի 17 հազար 242-ից մինչև 24 հազար 426 ռուբլի, Պրիմորիեի երկրամասում՝ 17 հազար 206 ռուբլի։





























