Կարծում եմ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դեռ երկար կշարունակվի, սակայն ակնհայտ է, որ Թրամփը չի ցանկանում վերսկսել մարտական գործողությունները։ Այդ մասին «Ուժի գործոն» հաղորդման շրջանակում, հյուրընկալվելով NEWS.am-ին, հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նախկին օգնական Թոմաս Գրեհեմը։
«Մյուս կողմից՝ Իրանը նույնպես ավելի լավ վիճակում չէ, քան նախկինում։ Երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ կան, տնտեսությունը կաղում է, բնակչության շրջանում հսկայական դժգոհություն կա։ Ուստի չեմ կարծում, թե Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայքար է ընթանում»,– հավելել է նա։
Գրեհեմը պարզաբանել է, որ հակամարտությունը դեռ որոշ ժամանակ կշարունակվի, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվի։
«Չնայած Վաշինգտոնում, Թեհրանում և Իսրայելում կան տաքգլուխներ, որոնք կցանկանային վերսկսել ռազմական գործողությունները, այդուհանդերձ, Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներ կան, միջնորդների միջոցով բանակցություններ են ընթանում, փորձեր են արվում թե՛ Թեհրանի, թե՛ Վաշինգտոնի համար ընդունելի փոխզիջում գտնելու»,– ընդգծել է նա։
Գրեհեմը դա ավելի արդյունավետ մոտեցում է համարել, քան պատերազմի վերսկսումը։ Նրա գնահատմամբ՝ դա շատ լավ հասկանում են և՛ Թրամփի վարչակազմում, և՛ Թեհրանում. առնվազն չափավոր գործիչների շրջանում ողջամիտ փոխզիջում գտնելու ցանկություն կա։ «Ըստ իս՝ այժմ հիմնական ջանքերն ուղղված են հակամարտության փոխզիջումային կարգավորման որոնմանը»,– նշել է նա։











