Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (RAF) սկսել են գիշերները ինքնաթիռները տեղափոխել անգարներ և ամրացված թաքստոցներ՝ դրանք անօդաչուների հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Բացի դրանից, քննարկվում է բաց կայանատեղիներում, ներառյալ՝ թռիչքուղիների մերձակայքում մնացող ինքնաթիռների շուրջ հատուկ հակադրոնային ցանցեր տեղադրելու հնարավորությունը։

Նման պաշտպանիչ ցանցերը լայնորեն կիրառվում են Ուկրաինայում՝ ռազմական տեխնիկան, կենսական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտներն ու կարևոր ճանապարհները ռուսական անօդաչուներից պաշտպանելու նպատակով։

Այդ միջոցները ձեռնարկվում են Մեծ Բրիտանիայի տարածքում անվտանգության սպառնալիքների վերաբերյալ աճող մտահոգությունների հետնապատկերին։ Երեքշաբթի բրիտանական ներքին հետախուզական MI5 ծառայությունը և պաշտպանության նախարարությունը Ուկրաինային ռազմական սարքավորումների մատակարարմանը մասնակցող ընկերություններին նախազգուշացրել են Ռուսաստանի կողմից դիվերսիաների լուրջ վտանգի մասին։

Բացի դրանից, Իրանին կասկածում են Գլոսթերշիր կոմսությունում տեղակայված Ֆերֆորդ ավիաբազայի վրա հնարավոր հարձակում նախապատրաստելու մեջ։ Վերոնշյալ ավիաբազան օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Այդ սպառնալիքի պատճառով Պենտագոնը կարգադրել է բազայից տարհանել ռմբակոծիչները։ Հաղորդվում է նաև, որ ամերիկացի զինվորականները ինքնաթիռները տեղափոխել են բրիտանական մեկ այլ օդանավակայանից՝ Իրանի կողմից հերթական սպառնալիքի մասին ստացված տեղեկություններից հետո։

Այդ պայմաններում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի գլխավոր մարշալ սըր Հարվ Սմայթն ընդգծել է ռազմական հակամարտության դեպքում ինքնաթիռների ապակենտրոն տեղաբաշխումը պարբերաբար վարժեցնելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն գործել այնպիսի պայմաններում, երբ երկրի տարածքում ոչ մի ռազմաբազա չի կարող լիովին անվտանգ համարվել։

«Դուք պատերազմում եք Մեծ Բրիտանիայի տարածքից, սակայն պետք է մշտապես տեղաշարժվեք»,- երեքշաբթի երեկոյան անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է Սմայթը։

Նա նշել է, որ ամռանը ռազմաօդային ուժերն արդեն լայնածավալ ստուգման են ենթարկել նման պատրաստվածությունը՝ երկրի ռազմատրանսպորտային ավիացիայի գլխավոր կենտրոնում՝ Բրայզ Նորթոն ավիաբազայում, նոր թռիչքուղու կառուցման ընթացքում։ Ինքնաթիռները ժամանակավորապես տեղաբաշխվել են Շոտլանդիայի Փրեսթվիկ ավիաբազայի և Ուիլթշիր կոմսության Բոսքոմբ Դաուն ռազմական օդանավակայանի միջև։

Սմայթի գնահատմամբ՝ ռազմաօդային ուժերին հաջողվել է ավիացիան տեղաբաշխել Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններում և շարունակել աշխատանքն առանց ընդհատումների։ Նա այդ փորձը հաջողված է համարել և ընդգծել, որ նման զորավարժություններ անհրաժեշտ է անցկացնել նաև հետագայում։

Սառը պատերազմի տարիներին բրիտանական ռազմաօդային ուժերը, ցամաքային զորքերը և ռազմածովային նավատորմը պարբերաբար պատրաստվում էին հնարավոր լայնածավալ հակամարտության, ներառյալ՝ ավիացիայի արագ տեղաբաշխման։ Խորհրդային Միության փլուզումից հետո նման պատրաստվածությունը պահպանելու անհրաժեշտությունն աստիճանաբար մղվեց երկրորդ պլան, իսկ Մեծ Բրիտանիայում ռազմական օբյեկտների թիվը զգալիորեն կրճատվեց։

Այժմ ռազմաօդային ուժերն ավելի քիչ գործող ավիաբազաներ ունեն, որտեղ հնարավոր է արագ տեղափոխել ինքնաթիռները, քան 1980-ականներին։ Միաժամանակ արտակարգ իրավիճակում զինվորականները պահպանում են ցանկացած օդանավակայան, դրանց թվում՝ քաղաքացիական, օգտագործելու հնարավորությունը։

Մարտին Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն անցկացրել են երկշաբաթյա Agile Warrior զորավարժությունները՝ ուղղված աճող սպառնալիքների պայմաններում երկիրը պաշտպանելու կարողության ստուգմանը։ Զինվորականները վարժեցրել են կիբերհարձակումների և հրթիռային հարվածների դեպքում իրենց գործողությունները։