Լիտվայում մեղադրանք է առաջադրվել մի տղամարդու, որը կասկածվում է ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և երկրի ռազմավարական նշանակության օբյեկտների ու Ուկրաինային տրամադրվող օգնության մասին հետախուզական տեղեկություններ հավաքելու մեջ, հայտնում է LRT-ն՝ հղում անելով Կաունասի շրջանային դատախազությանը։

Քննության վարկածով՝ տղամարդը սկսել է տեղեկություններ հավաքել 2021 թվականի օգոստոսին՝ կատարելով ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունները։ Նա փոխանցել է տեղեկություններ Լիտվայի ազգային անվտանգության համար նշանակություն ունեցող ենթակառուցվածքների, ինչպես նաև Ուկրաինային տրամադրվող օգնության մասին։

Դատախազության տվյալներով՝ կասկածյալն իր գործունեության դիմաց բազմիցս դրամական վճարումներ է ստացել Ռուսաստանի քաղաքացիներից։

Քննությունը սկսվել է անցյալ տարվա մարտին տեղի ունեցած միջադեպից հետո։ Ենթադրվում է, որ տղամարդը ներխուժել է մասնավոր ընկերության տարածք և հեռախոսով գաղտնի լուսանկարել այնտեղ հավաքված՝ ուկրաինացի զինծառայողների համար նախատեսված օգնությունը, ինչպես նաև ձեռնարկության տարածքն ու հարակից հատվածները։ Դատախազության տվյալներով՝ նա բժշկական դիմակ է կրել։

Ընկերության աշխատակիցներից մեկը նկատել է կասկածելի վարքագիծը և փորձել պարզել, թե ինչ է անում անծանոթը։ Ի պատասխան՝ վերջինս, ինչպես նշվում է, արցունքաբեր գազ է ցողել նրա դեմքին և փախել։ Դրանից հետո միջադեպի մասին հայտնել են ոստիկանությանը։

Քննության ընթացքում իրավապահները պարզել են կասկածյալի ինքնությունն ու ձերբակալել նրան։ Հետագա քննչական գործողությունները հնարավորություն են տվել տեղեկություններ ստանալ 2021 թվականին սկսված ավելի լայնածավալ հետախուզական գործունեությանը տղամարդու հնարավոր առնչության մասին։

Բացի դրանից, նրան մեղադրանք է առաջադրվել հրազենի, զինամթերքի և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերի, ներառյալ՝ ձեռքի նռնակների ապօրինի պահման, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու համար։

Գործն ուղարկվել է Կաունասի շրջանային դատարան։ Մեղավոր ճանաչվելու դեպքում տղամարդուն մինչև ութ տարվա ազատազրկում է սպառնում։