Իսրայելի վարչապետի պաշտոնին հավակնող Գադի Էյզենկոտի դաշնակից Ավիգդոր Լիբերմանը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանին անհապաղ հարված հասցնելու անհրաժեշտություն չկա, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նա միաժամանակ կասկածի տակ է դրել ժամանակավոր կառավարության շարժառիթները, երբ պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թեհրանին մեղադրել է քիմիական զենք մշակելու մեջ։
Լիբերմանը, որը երեքշաբթի պայմանավորվել էր միանալ Էյզենկոտի կոալիցիային, վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուին և Կացին մեղադրել է «իշխանատենչության» մեջ, որը, քաղաքական գործչի կարծիքով, «նրանց զրկել է բանականությունից»։
«Իրանում քիմիական զենքի առկայության մասին հայտարարությունները լուրջ են, սակայն հետախուզական տվյալների և օպերատիվ իրադրության տեսանկյունից մոտ ապագայում Իսրայելի կողմից ինքնուրույն հարված հասցնելու հիմքեր չկան»,- X սոցիալական ցանցում գրել է Լիբերմանը։
Նեթանյահուի նախկին մերձավոր զինակիցը, որը կիսում է Իրանի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշումը, սակայն դարձել է վարչապետի ամենախիստ քննադատներից մեկը, վստահություն է հայտնել, որ նախկին գեներալ Էյզենկոտը, որը գլխավորում է աջերից մինչև ձախեր ընդգրկող լայն քաղաքական դաշինքը, շուտով կառավարություն կձևավորի։
«Հստակ հրեական մեծամասնությամբ կառավարություն կարող է ձևավորվել մինչև հաջորդ շաբաթվա վերջ»,- հայտարարել է Լիբերմանը Kan հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա դեմ է Իսրայելի արաբ փոքրամասնությունը ներկայացնող պատգամավորների աջակցությամբ կոալիցիա ձևավորելուն։
Նեթանյահուն, որն Իսրայելի պատմության մեջ ամենաերկարն է զբաղեցրել վարչապետի պաշտոնը և երեք տասնամյակի ընթացքում բազմիցս եկել է իշխանության ու անցել ընդդիմություն, վերջին մեկուկես տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնեցված կարգով հրահանգել է Իրանի դեմ երկու լայնածավալ ռմբակոծությունների արշավ իրականացնել։
Հոկտեմբերի 27-ին Իսրայելում անցկացված խորհրդարանական ընտրություններին նախորդած վերջին շաբաթներին Նեթանյահուն սպառնում էր վերսկսել պատերազմը։ Քվեարկության արդյունքներով վարչապետի աջակողմյան դաշինքը կորցրել է մանդատների մի մասը, սակայն կողմերից ոչ մեկը համոզիչ մեծամասնություն չի ստացել։ Ընդ որում, ենթադրվում է, որ Թրամփը, որն այս ամսվա սկզբին ԱՄՆ միջանկյալ ընտրություններում խոշոր պարտություն է կրել, առայժմ չի տվել պատերազմը վերսկսելու իր համաձայնությունը։
Վերջին շաբաթներին Իսրայելն ուժեղացրել է Իրանին ուղղված՝ քիմիական զենք մշակելու մեղադրանքները։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի արտաքին հետախուզության՝ «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում բարձրացրել է այդ հարցը։
Երեքշաբթի Կացը հայտարարել է, որ Իսրայելը «չպետք է թույլ տա» քիմիական զենքի մշակման գործում Իրանի առաջընթացը։
«Իրանը քիմիական զենքի մշակման փուլում է, սակայն դեռևս չի հասել դրա միջոցով Իսրայելի վրա հարձակվելու կարողությանը»,- պնդել է պաշտպանության նախարարը։
Իրանը հերքում է վերոնշյալ մեղադրանքները՝ դրանք քարոզչություն անվանելով։ Անցյալ շաբաթ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «անհեթեթություն» է որակել այն պնդումները, ըստ որոնց Թեհրանը ծրագրում է քիմիական զենք կիրառել։
Քիմիական զենքի թեման հատկապես զգայուն է Իրանի համար. 1980–1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում հազարավոր իրանցիներ են զոհվել, երբ Սադդամ Հուսեյնի վարչակարգը քիմիական զինամթերք էր կիրառում։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը զոհվել է անցյալ տարվա փետրվարին իսրայելական հարվածի հետևանքով, հրապարակավ դեմ էր արտահայտվում քիմիական զենքի մշակմանը։





























