Վրաստանի սահմանադրական դատարանը մինչև նոյեմբերի 30-ը հետաձգել է հինգ ընդդիմադիր կուսակցություններն արգելելու հայցի քննությունը։
Պատճառը դատավոր Գիորգի Մոդեբաձեի հոր մահն է։ Սահմանադրական դատարանը տեղեկությունը հաստատել է On.ge-ին։
Ըստ «Նովոստի Գրուզիայի»՝ այսօր պետք է շարունակվեին «Լելո – Ուժեղ Վրաստան» միավորման ներկայացուցիչների հարցերով լսումները։
Իշխող կուսակցության պատգամավորները պահանջում են հակասահմանադրական ճանաչել և արգելել հինգ հիմնական ընդդիմադիր միավորումների գործունեությունը։ Դրանք են՝ «Միասնություն – Ազգային շարժումը», «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Ուժեղ Վրաստան – Լելոն», «Ֆեդերալիստական կուսակցությունը» և «Գախարիան հանուն Վրաստանի»։
Սահմանադրական դատարանը գործն ըստ էության քննում է հոկտեմբերի 21-ից։
Հայցի հեղինակները պնդում են, որ ընդդիմադիր կուսակցությունները ձգտում են տապալել կամ բռնի փոխել սահմանադրական կարգը։ Նրանք նաև մեղադրում են «Ազգային շարժմանը» երկրի անկախության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ։
Ընդդիմությունը վիճարկում է հայցի հիմքերն ու քննության ընթացակարգը։ Այն զգուշացնում է, որ «Վրացական երազանքը» ծրագրում է «մաքրել ընդդիմադիր դաշտը»։





























