Եվրամիությունը նախատեսում է ստեղծել մինչև 50 միլիարդ եվրոյի Ինքնիշխան տեխնոլոգիական հիմնադրամ (Sovereign Tech Equity Fund, STEF)՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ մրցակցելու և նրանց առաջատար տեխնոլոգիաներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Բրյուսելը մշակում է հիմնադրամի համար մինչև 50 միլիարդ եվրո ներգրավելու ծրագիր։ Հիմնադրամը երկարաժամկետ և բարձր ռիսկային ներդրումներ կկատարի արհեստական բանականության ու քվանտային հաշվարկների ոլորտներում գործող եվրոպական ընկերություններում։
Նախագծի քննարկմանը մասնակցող երկու եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ STEF-ը կկատարի ավելի խոշոր, ռիսկային և երկարաժամկետ ներդրումներ, քան մինչ այժմ թույլ են տվել ԵՄ գործող ֆինանսավորման մեխանիզմները։ Նրանք նախաձեռնությունը բնութագրել են որպես «լիակատար հակադրությունն այն ամենի, ինչ սովորաբար անում է ԵՄ-ն»՝ ընդգծելով, որ միությունը դրա կարիքն ունի։
Ըստ հրապարակման՝ Բրյուսելը մտադիր է բաժնեմասեր ձեռք բերել առաջատար տեխնոլոգիաներ մշակող ընկերություններում։ Այս քայլով այն ձգտում է ամրապնդել Եվրոպայի տեխնոլոգիական անկախությունը՝ ԱՄՆ քաղաքականության շուրջ աճող անորոշության և աշխարհաքաղաքական խորացող անկայունության պայմաններում։ Փորձագետների խոսքով՝ ընկերությունների կապիտալում հիմնադրամի մասնակցությունը կարող է խթանել այլ ներդրողների հետաքրքրությունը։ Նրանք նշել են, որ նորարարական տեխնոլոգիական ընկերությունները ֆինանսավորելու և դրանց աճն ապահովելու Եվրոպայի անկարողությունը հաճախ համարվում է ԱՄՆ-ից ու Չինաստանից ԵՄ-ի հետ մնալու գլխավոր պատճառներից մեկը։
Այժմ քննարկվում են նախագծի ֆինանսավորման աղբյուրները։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ միջոցներն օգտագործել որպես մեկնարկային կապիտալ՝ մասնավոր հատվածից լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար։ Նպատակն է ներդրված յուրաքանչյուր եվրոյի դիմաց ներգրավել մինչև վեց եվրո, հստակեցրել է նա։





























