ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի կողմ է դրել Ռուսաստանի հետ համատեղ բիզնես նախագծերը որպես ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու խթան օգտագործելու գաղափարը։ Պատճառը էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում ամերիկյան առաջարկների նկատմամբ Մոսկվայի հետաքրքրության բացակայությունն է։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ԵՄ ներկայացուցիչներին հայտնել են, որ ամերիկյան և ռուսական ընկերությունների համագործակցությունն այլևս կենտրոնական տեղ չի զբաղեցնում Մոսկվային ուղղված Վաշինգտոնի առաջարկներում։

Ավելի վաղ Քուշները տնտեսական կապերը դիտարկում էր որպես հետպատերազմյան կարգավորման առանցքային տարրերից մեկը։ Հնարավոր նախագծերի թվում նշվում էին Ռուսաստանի նավթարդյունաբերության և տիտանի արտադրության մեջ ամերիկյան ընկերությունների ներդրումները։

Սակայն նախաձեռնությունների նկատմամբ ռուս պաշտոնյաների սկզբնական հետաքրքրությունը հետագայում թուլացել է։

Մոսկվան, ըստ երևույթին, վստահ է, որ խաղաղության համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատժամիջոցների մեղմացմանը, ինչը մասնավոր ընկերություններին թույլ կտա վերադառնալ ռուսական շուկա, գրում է FT-ն։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մի մասը հանգել է այն եզրակացության, որ պատերազմում հաղթելու Պուտինի ձգտումը թելադրված չէ տնտեսական շահերով։ «Ամերիկացիները սկսել են ավելի լավ հասկանալ, թե ինչ են ուզում հակամարտության կողմերը», — ասել է աղբյուրներից մեկը։

Միևնույն ժամանակ Մոսկվան շարունակում է պնդել, որ Ուկրաինան տարածքային զիջումներ անի և համաձայնի կարգավորման այլ պայմանների, որոնք Կիևն անընդունելի է համարում։

Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ջարեդ Քուշները, քննարկել էին «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծում ամերիկացի ներդրողներ ներգրավելու հնարավորությունը։