ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին վստահեցրել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չունի։
«Ես որևէ ժամկետ չունեմ։ Ես պարզապես ուզում եմ տեսնել, որ դա (հակամարտությունը) ավարտվել է։ Կցանկանայի, որ դա տեղի ունենար այսօր, բայց տանգոյի համար երկուսն են պետք։ Տեսնենք՝ ինչպես կլինի», - ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը ծիծաղել է, երբ պարբերականի լրագրողները նրան հարցրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարության մասին, թե ամերիկացի բանակցողներն իբր ցանկանում են, որ Մոսկվայի և Կիևի միջև համաձայնագիր կնքվի մինչև հունվար։
«Ո՞վ է դա ասել։ Նա (Զելենսկին) ուզում է, որ ես ի՞նչ անեմ», - արձագանքել է Թրամփը։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հերթական փուլի օրը դեռ նշանակված չէ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն։





























