Գիտնականները փոխել են ծխածաղիկների բույրը՝ անջատելով հոտի կարգավորման համար պատասխանատու մեկ գեն։ Արդյունքում ծաղիկները սկսել են ավելի շատ վանիլին արտադրել, որը վանիլային բույր է հաղորդում, ինչպես նաև մեխակի հոտ ունեցող միացություններ։ Բացի դրանից, փոփոխված գենով բույսերի ծաղիկների չափերը ջերմաստիճանի բարձրացման դեպքում ավելի քիչ են փոքրացել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Plant Physiology ամսագրում։
Գույնն ու բույրը ծաղիկներին օգնում են գրավելու փոշոտողներին. վառ պսակաթերթերը նկատելի են հեռվից, իսկ հոտը քիմիական ազդանշաններ է տարածում օդում։ Հայտնի է, որ որոշ գունանյութեր և բուրավետ նյութեր առաջանում են ընդհանուր ելանյութերից։ Սակայն Երուսաղեմի Եբրայական համալսարանի գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք ծաղիկների գունավորումը կարգավորող մոլեկուլային մեխանիզմն ազդում է դրանց հոտի ձևավորման վրա։
Օդեդ Սկալտերի ղեկավարած հետազոտողները, պրոֆեսոր Ալեքսանդր Վայնշտեյնի գիտական ղեկավարությամբ, ուսումնասիրել են փոխազդող սպիտակուցների MYB–bHLH–WDR (MBW) համալիրը, որը մասնակցում է գունավորման համար պատասխանատու գեների կարգավորմանը։ Նրանք պարզել են, որ այս համալիրի մեջ մտնող EOBV սպիտակուցը նաև օգնում է վերահսկել ծխածաղիկների բուրավետ միացությունների հարաբերակցությունը։
Գենոմի խմբագրման CRISPR/Cas9 տեխնոլոգիայի միջոցով գիտնականները խաթարել են EOBV-ի արտադրության համար պատասխանատու գենի աշխատանքը, ապա չափել ծաղիկներում բուրավետ նյութերի պարունակությունն ու դրանց արտազատումն օդում։
Գենի փոփոխությունից հետո մի շարք միացությունների խտությունն ու արտազատումն ավելացել են։ Դրանց թվում են եղել մեխակի հոտի հետ կապված էվգենոլն ու իզոէվգենոլը, ինչպես նաև վանիլինը՝ վանիլի բույրը պայմանավորող հիմնական նյութերից մեկը։ Միաժամանակ այլ բուրավետ միացությունների, մասնավորապես՝ մեթիլբենզոատի և բենզալդեհիդի պարունակությունը նվազել է։
Լրացուցիչ փորձերն օգնել են բացատրել այս ազդեցությունը։ Սովորական պայմաններում EOBV-ն զսպում է C4H2 գենի ակտիվությունը, որը մասնակցում է որոշակի բուրավետ միացությունների առաջացման կենսաքիմիական ուղուն։ Երբ EOBV-ի աշխատանքը խաթարվում է, այդ սահմանափակումը թուլանում է, և ծաղկի հոտը ձևավորող նյութերի հարաբերակցությունը փոխվում է։
Հետազոտողները նաև կապ են հայտնաբերել այս գենի և ջերմաստիճանի բարձրացման պայմաններում ծաղիկների զարգացման միջև։ Սովորական պայմաններում բույսերն աճեցրել են ցերեկը՝ 22 °C, իսկ գիշերը՝ 16 °C ջերմաստիճանում։ Ավելի տաք ռեժիմում ջերմաստիճանը համապատասխանաբար կազմել է 28 °C և 22 °C։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ստուգիչ խմբի բույսերի ծաղիկների տրամագիծը փոքրացել է մոտ 12%-ով, իսկ EOBV-ի խաթարված գործառույթով պետունիաներինը՝ 6%-ով։
Այսպիսով, բույրի կարգավորմանը մասնակցող գենետիկական մեխանիզմը կարող է ազդել նաև բարձր ջերմաստիճանի պայմաններում ծաղիկների զարգացման վրա։ Գիտնականները դեռ պետք է պարզեն՝ արդյոք նմանատիպ մեխանիզմ գործում է այլ բույսերի դեպքում, և որքանով բույրերի նոր համադրությունները գրավիչ կլինեն արտադրողների ու գնորդների համար։





























