Միլիարդավոր տարիների ընթացքում մեր մոլորակը հասցրել է տուն դառնալ անհավանական թվով տեսակների համար. դրանցից շատերն արդեն հայտնաբերել են գիտնականները, սակայն կան նաև այնպիսիք, որոնք մինչ օրս կարողացել են վրիպել հետազոտողների սևեռուն հայացքից։ Վերջերս կատարված հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել Ինդոնեզիայում բնակվող գորտերի՝ նախկինում անհայտ տեսակներից մեկը, գրում է IFLScience-ը։
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Մեկոնգա լեռներում իրականացվող արշավախմբի ընթացքում գիտնականները միանգամայն արտասովոր երևույթի հանդիպեցին։ Արևադարձային անտառով անցնելիս նրանք հազարավոր գորտեր հայտնաբերեցին Դանաու-Կոկա-Կոլա անունով փոքր լեռնային լճում, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 155 մետր բարձրության վրա։
Հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս երկկենցաղները պատկանում են գիտությանը նախկինում անհայտ թռչող գորտերի տեսակի, սակայն դա նրանց միակ առանձնահատկությունը չէ, հաղորդում է «Ֆոկուսը»։ Դիտարկումները ցույց են տվել, որ այս տեսակն ունակ է սավառնելու ծառերի միջև։ Գորտերն ունեն նաև սրածայր դունչ, բայց ամենազարմանալին այն է, թե ինչպես են նրանք վարվում սեփական սերնդի հետ։
Ըստ հետազոտության համահեղինակ, Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի Վայրի կենդանիների և ձկների կենսաբանության թանգարանի գիտաշխատող Ալան Հիչի՝ ինքն ու գործընկերներն անմիջապես հասկացել են, որ իրենց առջև Rhacophorus ցեղի ներկայացուցիչներ են՝ այսպես կոչված թռչող գորտեր։ Այդ անվանումը նրանք ստացել են ծառերի միջև տեղաշարժվելու ունակության շնորհիվ՝ սավառնելով իրենց հսկայական թաղանթավոր թաթերի օգնությամբ։ Հարկ է նշել, որ գորտերը բառի բուն իմաստով չեն թռչում, այլ ավելի շուտ սավառնում են ծառերից ցած իջնելիս։
Հետազոտության հեղինակներն այս երկկենցաղներին անվանել են «թաքնված». արտաքուստ նրանք շատ նման են թռչող գորտերի այլ տեսակների, բայց իրականում էապես տարբերվում են դրանցից։ Դա ակնհայտ է դարձել, երբ գիտնականներն ավելի մանրամասն են ուսումնասիրել նրանց արտաքին տեսքը, ԴՆԹ-ն և վարքագիծը։
Դիտարկումները ցույց են տվել, որ նոր տեսակը բազմացման համար օգտագործում է դոնդողանման նյութ. դա եզակի երևույթ է։ Ջրում ձվադրելու փոխարեն այս թռչող գորտերն իրենց ձկնկիթն ամրացնում են բուսականությանը՝ տեղավորելով այն խիտ դոնդողանման զանգվածի մեջ։ Ձկնկիթի հատիկները զարգանում ու շերեփուկների են վերածվում անմիջապես այդ «դոնդողի» ներսում. հարմարվողականության մի ձև, որը նույնքան արտասովոր տեսք ունի, որքան արտասովոր է հնչում։
Նոր տեսակը ստացել է Rhacophorus kurniatiae անվանումը։ Գորտերն անվանվել են ի պատիվ Բոգորի Կենդանաբանական թանգարանի հանգուցյալ հերպետոլոգ Հելեն Կուրնիատիի, որը նշանակալի ներդրում է ունեցել Ինդոնեզիայի երկկենցաղների և սողունների ուսումնասիրության գործում։





























