Ուկրաինային հաջորդ տարի զգալի միջազգային ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ՝ պաշտպանական կարիքներն ու պատերազմի պայմաններում պետության կայուն գործունեությունն ապահովելու համար։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ըստ Զելենսկու՝ պաշտպանության նախարարի, ռազմական ղեկավարության և պաշտպանական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո ուկրաինական կողմը ճշգրտել է հաջորդ տարվա ֆինանսական կարիքները։ Ընդհանուր գումարը կազմում է 115 միլիարդ եվրո. 45 միլիարդն արդեն նախատեսված է, իսկ ևս 70 միլիարդ անհրաժեշտ է գտնել։

Միաժամանակ նա հայտնել է գործընկերներից ստացվող դրական ազդակների մասին։ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում, ինչը նախկինում համաձայնեցված աջակցության հետ միասին կազմում է 90 միլիարդ եվրո։

Զելենսկին հավելել է, որ նման ֆինանսական կարիք կարող է առաջանալ նաև 2028 թվականին, սակայն հույս է հայտնել, որ այդ ժամանակ պատերազմն արդեն ավարտված կլինի։