Հարավային Կորեայում բուհերի ընդունելության միասնական քննությանը (ռուսական միասնական պետական քննության համարժեքը) գաջեթների օգնությամբ արտագրած դպրոցականներին քրեական պատիժ է սպառնում՝ ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում, հայտարարել է երկրի վարչապետ Հան Սոն Սուկը։

Բուհերի ընդունելության միասնական քննությունը, որը հայտնի է որպես «սունըն», Հարավային Կորեայի դպրոցականների համար անցկացվել է հինգշաբթի։ Ավելի վաղ Հարավային Կորեայի վարչապետը հայտարարել էր արհեստական բանականության կիրառմամբ արտագրության դեմ պայքարի լրացուցիչ միջոցների մասին։ Երկրի նախագահ Լի Ջե Մյոնը նույնպես հանձնարարել է դիտարկել բարձր տեխնոլոգիական սարքերի օգնությամբ արտագրության դեպքերի մասին տեղեկությունների դիմաց մոտ 75 հազար դոլար պարգևատրում սահմանելու հարցը։

«Քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում նույնպես գործելու ենք ամենայն խստությամբ։ Մասնավորապես, արտագրելու համար խելացի գաջեթներ օգտագործած անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդումներ են ներկայացվելու։ Այդ դեպքում նրանց քրեական պատիժ կսպառնա՝ մինչև հինգ տարվա ազատազրկման տեսքով», - ուրբաթ Սեուլի կառավարական համալիրում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հան Սոն Սուկը։ Նրա խոսքերը մեջբերում է «Yonhap» գործակալությունը։

Հարավային Կորեայի վարչապետը հավելել է, որ վարչական և քրեական պատասխանատվության կենթարկվեն քննության ընթացքում խախտումներ թույլ տված բոլոր անձինք՝ առանց բացառության, իսկ նրանց թեստավորման արդյունքները կչեղարկվեն։

«Yonhap»-ի տվյալներով՝ հինգշաբթի Կորեայի Հանրապետության կրթության նախարարությունն արձանագրել է էլեկտրոնային սարքերի, դրանց թվում՝ հեռախոսների, խելացի ակնոցների, թաքնված մինի տեսախցիկների և անլար ականջակալների կիրառմամբ արտագրության ընդհանուր առմամբ 111 դեպք։ Ընդ որում, 54 խախտողի հայտնաբերել են հատուկ ձայնային ազդարարման միջոցով, որը սովորաբար կիրառվում է արտակարգ իրավիճակներում։ Նման ծանուցում ստանում են Հարավային Կորեայի տարածքում գտնվող բոլոր հեռախոսները, իսկ դրա ձայնն անջատել հնարավոր չէ, նույնիսկ եթե սարքը դրված է անձայն ռեժիմի վրա։

Գործակալության տեղեկություններով՝ ուրբաթ Հարավային Կորեայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել երկու դպրոցականի նկատմամբ, որոնք փորձել էին արտագրել սմարթֆոնների օգնությամբ։

Կորեայի Հանրապետության իշխանությունները որոշել են խստացնել քննությունների ժամանակ արտագրության դեմ պայքարի միջոցները երկրում ավելի վաղ բռնկված սկանդալից հետո, երբ հարկային խորհրդատուի որակավորման քննությանը ամենաբարձր միավորը ստացած տղամարդը խոստովանել էր, որ արտագրել է ԱԲ-ի օգնությամբ։ Նա թաքնված տեսախցիկով լուսանկարել էր առաջադրանքները և ձևափոխված հաշվիչի միջոցով պատասխանները ստացել փոքր էկրանի վրա։ Բացի դրանից, «Yonhap»-ի տվյալներով՝ խելացի ակնոցի կիրառմամբ արտագրության դեպքեր են հայտնաբերվել Յոնսեի համալսարանի և Սեուլի քաղաքային համալսարանի ընդունելության քննություններին։