Թուրքիայում լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել հանրությանը «Բայգարալար» անունով հայտնի զինված հանցավոր խմբավորման դեմ։ Այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։
Հատուկ գործողությունն ընդգրկել է երկրի 13 նահանգ։ Գործի շրջանակում բացահայտվել է 138 կասկածյալ։ Նրանց թվում են ապօրինի գործունեության մեջ ներգրավված 12 անչափահասներ։ Ուժայինները խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացրել 135 հասցեներում։ Գործողության արդյունքում ձերբակալվել է 101 մարդ, ևս 37-ը հետախուզվում է, որոնցից 23-ը, ըստ քննության տվյալների, թաքնվում է արտերկրում։
Քննությունն իրականացնում է Ադանայի դատախազությունը։ Ըստ քննության տվյալների՝ խմբավորման անդամները, զենքով սպառնալով, ձեռնարկատերերից գումար են պահանջել, իսկ մերժման դեպքում զինված հարձակումներ են գործել նրանց ձեռնարկությունների վրա։
Բացի այդ, քննությունը համարում է, որ գործով անցնող անձինք առնչություն ունեն մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ դիտավորյալ սպանության և առողջությանը վնաս պատճառելու, կողոպուտի, զենքի գործադրման սպառնալիքների և ազատությունից ապօրինի զրկելու հետ։
Ինչպես պարզել են իրավապահները, խմբավորումը գործել է երկրի սահմաններից դուրս գտնվող ղեկավարության ցուցումներով։
Գործով անցնող մյուս 37 անձանց գտնվելու վայրը պարզելու և նրանց ձերբակալելու աշխատանքները շարունակվում են։



























