ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում սկսվել է Դուեյն Հոլի դատավարությունը, որը մեղադրվում է բրիտանուհի Սոնյա Էքսելբիի առևանգման և սպանության մեջ, հայտնում է The Guardian-ը։
Ըստ մեղադրանքի՝ անգլիական փորտսմութցի քարշակի վարորդ ավտոմեխանիկը կնոջը խաբեությամբ հրավիրել է ԱՄՆ, իսկ 2025 թվականի հոկտեմբերին սպանել նրան և մարմինը թաղել Մարիոն Օուքսի շրջանում՝ ոչ խոր գերեզմանում։ Հոլը հերքում է մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում։
Էքսելբիի անհետացումը միջազգային հետաքննության առիթ է դարձել։ Քննության տվյալներով՝ կինը նախկինում համացանցում պատմել էր մեռնելու ցանկության մասին։ 2025 թվականի նոյեմբերին Հոլի ձերբակալությունից հետո իրավապահ մարմինները հայտարարել են, որ նա գիտեր կնոջ հոգեբանական խնդիրների մասին և կարող էր օգտվել նրա խոցելիությունից՝ նրան Ֆլորիդա գալ համոզելու համար։
Իշխանությունների վարկածով՝ անցյալ տարվա հոկտեմբերին Հոլը նահանգի կենտրոնական մասում՝ Գեյնսվիլի օդանավակայանում դիմավորել է Էքսելբիին և տարել Airbnb-ով վարձակալված կացարան։ Ավելի ուշ քննիչներն այնտեղ ապացույցներ են հայտնաբերել, որոնք, նրանց կարծիքով, տղամարդուն կապում են բրիտանուհու անհետացման և մահվան հետ, ներառյալ՝ կնոջ բանկային քարտերով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններ և Հոլի հեռախոսում եղած տեսագրությունը։
Գործի նյութերում ներկայացված է Էքսելբիի՝ ընկերուհուն ուղարկած հաղորդագրությունը։ Կինը գրել է, որ վախենում է և իրեն թակարդում է զգում. «Ներիր, նա անընդհատ վերցնում է հեռախոսս, ինձ չի վստահում։ Նա հստակ հասկացրել է, որ այստեղից կարող եմ դուրս գալ միայն իրեն գնդակահարելով»։
Այս շաբաթ դատավարության բացման ելույթների ժամանակ նահանգի դատախազի օգնական Էմի Բերնթը պատմել է, որ Էքսելբին տառապում էր հոգեկան խանգարմամբ և երկու անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Ըստ մեղադրող կողմի՝ կինն այցելում էր կանանց նկատմամբ սեռական բռնության պատկերներ պարունակող կայք, որտեղ նրա հետ կապ էին հաստատել մի քանի տղամարդիկ, որոնց թվում՝ Հոլը։
«Նա փորձում էր ինքնավնասմանը որևէ փոխարինող գտնել։ Ցավոք, այլ միջոց գտավ»,- հայտարարել է Բերնթը։ Ըստ նրա՝ Էքսելբին փնտրում էր մեկին, ով կարող էր սպանել իրեն։ Դատախազն ավելացրել է, որ քիչ չէին տղամարդիկ, որոնք պատրաստ էին դա անել «ամենատանջալից և զազրելի եղանակներով»։
Կնոջ անհետացումից հետո ոստիկանություն է դիմել նրա նախկին ընկերը՝ Սթիվի Հանթը։ Դատարանում նա Էքսելբիին բնութագրել է որպես բարի, գեղեցիկ և սիրող կին։ Հանթը նշել է, որ Էքսելբին տրամադրության տատանումներ էր ունենում, որոնք կարող էին մի քանի օր տևել, իսկ հոգեթերապիա էր անցնում ավելի քան տասը տարի։ Էքսելբիի քույրը դատարանին պատմել է ընտանիքի երեխաների ծանր մանկության մասին։
Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Հոլը խոստովանել է, որ շփվել է Էքսելբիի հետ և հետն ինտիմ հարաբերությունների մեջ եղել, սակայն հերքում է նրան սպանելը։ Մեղադրող կողմի ապացույցների թվում են կնոջ արյան հետքերով բահը, բջջային հեռախոսների տվյալները և մեղադրյալի ծանոթի մոտ հայտնաբերված դանակը։
Դատախազները նաև մտադիր են երդվյալ ատենակալներին ներկայացնել լուսանկարներ և տեսահսկման տեսախցիկների տեսագրություններ, որոնցում Հոլը, ենթադրաբար, տեղական Walmart խանութից պարան, բահ, հոտազերծիչ և այլ իրեր է գնում։
Պաշտպան Ջունիոր Բարեթը հայտարարել է, որ իր պաշտպանյալը մարդասպան չէ, և երդվյալ ատենակալներին կոչ է արել մանրակրկիտ ուսումնասիրելու ապացույցները, վկաների ցուցմունքներն ու գործի հանգամանքները։
«Մենք կարծում ենք, որ, լսելով բոլոր փաստերը և ուսումնասիրելով ապացույցները, դուք կգաք այն եզրակացության, որ Դուեյն Հոլը չի սպանել»,- ասել է փաստաբանը։
Դատավարությունը շարունակվում է։



























