Իրանի դեմ պատերազմը փետրվարի վերջին հակամարտության սկսվելուց ի վեր ամերիկյան զինված ուժերին արժեցել է ավելի քան 48 միլիարդ դոլար, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Արթուր Միլլերը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նրա գնահատմամբ՝ նոյեմբերի 13-ի դրությամբ պատերազմի համար Միացյալ Նահանգների ծախսերը հասել են 48,3 միլիարդ դոլարի։ Այդ գումարը մոտ 26%-ով գերազանցում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության նախորդ գնահատականը, ըստ որի՝ օգոստոսի 1-ի դրությամբ ռազմական ծախսերը կազմել էին 38 միլիարդ դոլար։

«Այս թիվը ներառում է զինամթերքի, տեխնիկայի փոխարինման և ռազմական գործողությունների իրականացման ծախսերը»,- հայտարարել է Միլլերը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի՝ ֆինանսական կառավարման հարցերով օգնականի պաշտոնում իր նշանակման վերաբերյալ լսումների ժամանակ։

Ընդ որում, գնահատականը հաշվի չի առնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասը․ դրանցից մի քանիսը լրջորեն տուժել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից։ Այն նաև չի ներառում համաշխարհային տնտեսության վրա հակամարտության հետևանքները։ Իսրայելի և Իրանի միջև ակտիվ մարտական գործողությունները հիմնականում դադարել են ապրիլին։

Պատերազմը լայնածավալ տնտեսական ցնցումներ է առաջացրել։ Իրանը փորձում է արգելափակել առևտրային նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը նավթի և գազի մատակարարման կարևորագույն ուղի է։ Իրենց հերթին Թեհրանի աջակցությունը վայելող եմենցի հութիները հարձակվում են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների և նավերի վրա։

ԱՄՆ-ն ծովային շրջափակման է ենթարկել իրանական նավահանգիստները։ Շրջափակումն ապահովելու համար Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ներգրավել է ռազմածովային զգալի ուժեր, ներառյալ՝ ավիակիրներ։