ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) միաձայն հաստատել է կանոններ, որոնք ամբողջ երկրի նահանգային բանտերին թույլ են տալիս խլացնել այն բջջային հեռախոսների ազդանշանները, որոնք բանտարկյալները ձեռք են բերում ապօրինի ճանապարհով, հայտնում է Associated Press-ը։

Իշխանություններն ակնկալում են, որ այս միջոցը կօգնի կանխել ճաղերի հետևից հանցագործությունների կազմակերպումը։

Բանտերի վարչակազմերը երկար տարիներ ձգտում էին ազդանշանի խլացման տեխնոլոգիաներ կիրառելու թույլտվություն ստանալ։ Նրանց կարծիքով՝ ապօրինի հեռախոսները բանտարկյալներին հնարավորություն են տալիս կազմակերպել թմրանյութերի առևտուր, համակարգել բանտային խռովությունները և հարձակումներ պատվիրել, դրանց թվում՝ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների դեմ։

Նոր կանոնը բանտերին չի պարտավորեցնում կապի խլացման սարքավորումներ տեղադրել։ Սակայն այն օգտագործելու որոշում ընդունած հիմնարկները պետք է մի շարք փորձարկումներ անցկացնեն՝ համոզվելու համար, որ բանտերի սահմաններից դուրս բջջային հեռախոսների ազդանշանները չեն խաթարվում։ Բացի դրանից, վարչակազմը պարտավոր է համապատասխան մարմիններին տեղեկացնել սարքավորումների տեղափոխման մասին։

Որոշմանը սատարած FCC-ի նախագահ Բրենդան Քարն այս շաբաթ այցելել է Հարավային Կարոլինա, որտեղ քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունն ակտիվորեն ձգտում էր այս տեխնոլոգիան կիրառելու թույլտվություն ստանալ։ Քարի տվյալներով՝ ԱՄՆ նահանգային և տեղական բանտերում տարեկան շուրջ 25 հազար բջջային հեռախոս է առգրավվում։

«Մարդիկ իսկապես չեն հասկանում, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նոր գործիքը իրավապահ մարմիններին հնարավորություն կտա էական արդյունքների հասնել։

Հեռախոսները բանտեր են անցկացնում տարբեր եղանակներով՝ թաքցնում են ֆուտբոլի սնամեջ գնդակների մեջ, փոխանցում կոռումպացված աշխատակիցների միջոցով կամ հասցնում անօդաչու թռչող սարքերով։ Թեև դաշնային հիմնարկներն արդեն կարող էին կիրառել ազդանշանի խլացման տեխնոլոգիաներ, նահանգային բանտերին անհրաժեշտ էր FCC-ի առանձին թույլտվությունը՝ ըստ կապի մասին գրեթե մեկ դար գործող ամերիկյան օրենսդրության։

Նորամուծության կողմնակիցներից է Հարավային Կարոլինայի քրեակատարողական համակարգի նախկին աշխատակից Ռոբերտ Ջոնսոնը։ 2010 թվականին նրան քիչ էր մնում սպանեին իր տան մոտ տեղի ունեցած հարձակման ժամանակ, որը, իշխանությունների տվյալներով, կազմակերպել էր մի բանտարկյալ՝ ապօրինի բջջային հեռախոսի օգնությամբ։ Գրեթե երեք տասնյակ վիրահատություններից հետո Ջոնսոնը շարունակում է մշտական ցավեր ունենալ և նման սարքերն «զանգվածային ոչնչացման զենք» է անվանում։

Հարավային Կարոլինան դարձել է տեխնոլոգիայի փորձարկման հարթակ։ 2008 թվականին FCC-ն թույլատրել է խիստ ռեժիմի բանտերից մեկում փորձարկում անցկացնել. պայուսակի չափի սարքն անջատում էր շինության ներսում գտնվող բջջային հեռախոսների կապը, մինչդեռ շենքից դուրս կապը պահպանվում էր։ Եվս մեկ փորձարկում անցկացվել է 2019 թվականին։ Դրանից մեկ տարի առաջ նահանգի բանտերից մեկում յոթ բանտարկյալ էր զոհվել ԱՄՆ-ում վերջին 25 տարվա ամենախոշոր բանտային խռովության ընթացքում։ Իշխանությունների վարկածով՝ հանցախմբերի միջև բախումը մասամբ համակարգվել է ապօրինի հեռախոսների միջոցով։

Նախաձեռնության հակառակորդները, դրանց թվում՝ բանտարկյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները, նախազգուշացնում են հնարավոր բացասական հետևանքների մասին։ Իրավապաշտպանները նշում են, որ բանտերում պաշտոնական հեռախոսազանգերի բարձր արժեքը բանտարկյալներին դրդում է ապօրինի սարքեր օգտագործել՝ ընտանիքների հետ կապը պահպանելու համար։ Հեռահաղորդակցական ընկերությունները մտավախություն ունեն, որ ազդանշանների խլացումը կարող է խաթարել օրինական կապի միջոցների աշխատանքը։

Քարը պնդում է, որ ոլորտի դիմադրությունը թուլանում է կապը թիրախային եղանակով արգելափակելու հնարավորություն տվող տեխնոլոգիաների փորձարկումների շնորհիվ։ Ըստ նրա՝ նման միջոցների կիրառումը դիտարկվում է բացառապես քրեակատարողական հիմնարկների հատուկ պայմաններում։