Իսրայելի Քֆար Սաբա քաղաքի քաղաքապետ Ռաֆի Սաարին, որը կասկածվում է կաշառք ստանալու մեջ, կանչել են հարցաքննության՝ հետաքննությանը խոչընդոտելու փորձի կասկածանքով, այն բանից հետո, երբ նրա աշխատասենյակից վերցված պայուսակում թանկարժեք ժամացույցների նմանվող իրեր, ինչպես նաև հրեական կրոնական պարագաներ են հայտնաբերվել, հայտնում է The Times of Israel-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ պայուսակում եղել են աղոթքի թիկնոց՝ տալիտ, և տֆիլին՝ կաշվե փոքրիկ տուփեր՝ Թորայից հատվածներով, որոնք կրոնապաշտ հրեաները կրում են առավոտյան աղոթքի ժամանակ։

Նախօրեին քաղաքապետն ազգականներից մեկին խնդրել էր պայուսակը վերցնել իր աշխատասենյակից։ Դրանից հետո ոստիկանությունը Սաարին կանչել է հարցաքննության՝ հետաքննությանը խոչընդոտելու կասկածանքով։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քֆար Սաբա քաղաքի քաղաքապետ Ռաֆի Սաարի մասին է։

Անցյալ ամիս Սաարին ձերբակալել էին պետական մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով կաշառք ստանալու կասկածանքով։ Այդ մրցույթներում ընկերությունները մրցում են պետական հաստատությունների պատվերները կատարելու կամ դրանց ապրանքներ ու ծառայություններ մատակարարելու իրավունքի համար։

Ձերբակալությունից հետո Սաարին արգելել են այցելել իր աշխատասենյակ։ Նույնպիսի սահմանափակումներ են կիրառվել նրա կնոջ և ևս 22 անձի նկատմամբ։

Ոստիկանությունը չի հայտնել, թե ում են պատկանում հայտնաբերված ժամացույցները, որքան է դրանց արժեքը, և արդյոք այդ գտածոն անմիջականորեն կապված է կաշառքի գործով հետաքննության հետ։