Եվրամիությունն ու Հորդանանը պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը։ 2025–2027 թվականներին թագավորությանը կտրամադրվի 3 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն՝ տնտեսության արդիականացման, ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար։

Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Մեռյալ ծովի ափին կայացած ԵՄ–Հորդանան ներդրումային համաժողովում, որին մասնակցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը։

Համաձայնագրերի շրջանակում ԵՄ-ն 2027–2028 թվականներին Հորդանանին կտրամադրի մինչև 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական աջակցություն՝ վարկերի տեսքով, ինչպես նաև 110 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն՝ տնտեսական բարեփոխումների իրականացման համար։ Բյուջետային աջակցությունից 63 միլիոն եվրոն կհատկացվի տնտեսական կայունության ամրապնդմանը, առևտրի և ներդրումների խթանմանը, ինչպես նաև ջրային ոլորտի ու պետական կառավարման համակարգի բարեփոխումներին։

Եվրոպական ներդրումների զգալի մասը կուղղվի ջրային անվտանգության ապահովմանը, ջրի աղազերծման և խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքների զարգացմանը, թվային կապի ընդլայնմանը, արդյունաբերության՝ էկոլոգիապես մաքուր արտադրությանն անցմանը, ինչպես նաև հորդանանյան ձեռնարկությունների մրցունակության ու արտահանման ներուժի բարձրացմանը։

Եվրոպական ֆինանսական հաստատություններն ու գործընկերները ջրային ոլորտի ծրագրերի համար կներգրավեն 1,6 միլիարդ եվրո։ Այդ ծրագրերը ներառում են Աքաբայում ջրի աղազերծման և դեպի Ամման մատակարարման համակարգի կառուցումը։ Ակնկալվում է, որ համակարգը կբավարարի երկրի խմելու ջրի պահանջարկի շուրջ 40%-ը։

ԵՄ-ն նաև մտադիր է աջակցել թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներառյալ Medusa ստորջրյա մալուխի երկարաձգումը մինչև Հորդանան, ինչպես նաև միջոցներ հատկացնել արդյունաբերության արդիականացմանը, «կանաչ» տնտեսության զարգացմանը և փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը։

Համաժողովը դարձել է 2025 թվականի հունվարին մեկնարկած ԵՄ–Հորդանան ռազմավարական գործընկերության իրականացման հերթական փուլը։

Եվրոպական կողմը նաև հայտարարել է Հորդանանի հետ կայուն ներդրումների խթանման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Փաստաթուղթը նպատակ ունի պարզեցնել ներդրումային ընթացակարգերը և բիզնեսի համար ստեղծել ավելի կանխատեսելի պայմաններ։