ԱՄՆ-ն խուսափում է վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները՝ զգուշանալով Թեհրանի պատասխանից և հակամարտության հետագա սրացումից։ Այս մասին՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Axios պարբերականը։

«Մենք միմյանց հրում ենք լիարժեք սրացման շեմից այն կողմ»,– մեջբերում է պարբերականը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։ Նա հստակեցրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման իր քաղաքականությունը բավականաչափ արդյունավետ է համարում՝ առայժմ լայնածավալ ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու համար։

Axios-ի տեղեկություններով՝ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը՝ իր տնօրենի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, ենթադրաբար ԱՄՆ-ին տեղեկություն է փոխանցել այն մասին, որ Իրանն արագացնում է քիմիական զենքի հետազոտման և մշակման տեմպերը։ Ամերիկացի պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերվել Իսրայելի տրամադրած տվյալներին՝ պնդելով, որ Թեհրանի քիմիական սպառազինության վերաբերյալ հետախուզական տվյալները Վաշինգտոնին են փոխանցվել «սեփական գաղափարներն առաջ մղելու համար»։

Նոյեմբերի 16-ին CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը մշակում է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու հնարավոր ծրագրեր, որոնց թիրախ կարող են դառնալ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Ավելի ուշ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալլինը հերքել է նման հարձակման հավանականության մասին պնդումները։