Ադրբեջանում պահվող հայերի հարցով ցանկացած քննարկում պետք է ուղղված լինի կոնկրետ արդյունքի՝ բոլոր գերիների ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մանասյանը հայտնել է, որ իր աշխատակազմը մշտական կապի մեջ է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարազատների, ինչպես նաև արդեն վերադարձած անձանց հետ, որոնց ընտանիքները դեռևս բախվում են տարբեր խնդիրների։ Նրա հավաստմամբ՝ հարազատների հետ հանդիպումներ անցկացվում են, թեև ոչ ամեն օր և ոչ միշտ անմիջապես ՄԻՊ աշխատակազմում․ կապը պահպանվում է նաև այլ ձևաչափերով։
Պատասխանելով Ադրբեջանի օմբուդսմենի հետ շփումների և Բաքու այցելելու առաջարկի մասին հարցին՝ Մանասյանը հաստատել է, որ այդ ուղղությամբ որոշակի հաղորդակցություն արդեն տեղի է ունեցել։ Հրապարակման ենթակա տեղեկություններն արդեն ներկայացվել են հանրությանը, իսկ լրացուցիչ մանրամասներ նա այս պահին չի հայտնել։
Միևնույն ժամանակ Մանասյանը հստակ ներկայացրել է խնդրի հետագա քննարկման վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումը։ «Այս հարցի քննարկումը պետք է ունենա մեկ վերջնանպատակ․ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն և վերադառնան»,– հայտարարել է նա։ Մանասյանի խոսքով՝ դա անվերապահ առաջնահերթություն է մարդասիրական, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ մարդու իրավունքների ապահովման առումով որևէ այլ լուծում չի կարող ընդունելի համարվել։
Անդրադառնալով ադրբեջանցի գործընկերոջ հետ շփումներին՝ ՄԻՊ-ը հավաստիացրել է, որ իր կառույցը բաց է միջազգային գործընկերների հետ փոխգործակցության համար և պատրաստ է համագործակցել այս ոլորտում։ Սակայն, ինչպես ընդգծել է նա, այդ փոխգործակցությունը պետք է կառուցվի բոլոր կողմերի կողմից միջազգային չափանիշների պահպանման հիման վրա։ Մանասյանը շեշտել է, որ իր աշխատակազմը հավատարիմ է այդ չափանիշներին թե՛ միջազգային, թե՛ ներպետական մակարդակում, ուստի նույն սկզբունքներով պետք է առաջնորդվեն նաև բոլոր գործընկերները։ Առանց այդ պահանջների փոխադարձ պահպանման՝ այս ձևաչափով լիարժեք համագործակցությունն անհնար է։











