Ռուսաստանի Պետական դուման հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, լիագումար նիստում երկրորդ՝ հիմնական ընթերցմամբ ընդունել է 2027–2029 թվականների դաշնային բյուջեի մասին օրինագիծը։ Փաստաթղթով ռազմական ծախսերը հասնում են Խորհրդային Միության ժամանակներից ի վեր ռեկորդային մակարդակի, մինչդեռ առանցքային քաղաքացիական ուղղությունների ֆինանսավորումը կրճատվում է։

Ըստ օրինագծի՝ 2027 թվականին կառավարությունը բանակի և սպառազինության գնումների վրա կծախսի պետական գանձարանի միջոցների ավելի քան մեկ երրորդը՝ 35%-ը։ «Ազգային պաշտպանություն» հոդվածով ծախսերը կավելանան 32%-ով՝ այս տարվա 12,9 տրիլիոն ռուբլուց հասնելով 17,1 տրիլիոնի։

7,6%-ով՝ մինչև 4,6 տրիլիոն ռուբլի, կաճեն նաև «Ազգային անվտանգություն» հոդվածով ծախսերը։ Այն ներառում է ՆԳՆ-ի, Ռոսգվարդիայի, Քննչական կոմիտեի, հատուկ ծառայությունների և Պատիժների կատարման դաշնային ծառայության բյուջեները։ Ընդհանուր առմամբ, ուժային կառույցներին կուղղվի բյուջեի 44%-ը կամ 21,3 տրիլիոն ռուբլի։

Միևնույն ժամանակ, ազգային տնտեսության աջակցության ծախսերը կկրճատվեն 3%-ով՝ մինչև 4,62 տրիլիոն ռուբլի, բնակարանային-կոմունալ ոլորտի ծախսերը՝ 8%-ով՝ մինչև 1,83 տրիլիոն, իսկ առողջապահության ծախսերը՝ 3%-ով՝ մինչև 1,81 տրիլիոն։ Բնակչության սոցիալական աջակցության ծախսերը, ներառյալ կենսաթոշակների վճարման համար ՌԴ Սոցիալական հիմնադրամին ուղղվող տրանսֆերտը, կնվազեն 6%-ով՝ մինչև 6,65 տրիլիոն ռուբլի։

Բյուջեի նախագծով կտրուկ կկրճատվի մի շարք առանցքային ծրագրերի ֆինանսավորումը։ «Բազմազավակ ընտանիք» դաշնային ծրագիրը, որի նպատակն էր 15%-ով ավելացնել երեք և ավելի երեխա ունեցող քաղաքացիների թիվն ու նվազեցնել աղքատությունն այս խմբում, հաջորդ տարի կզրկվի միջոցների 40%-ից։ Ծրագրին նախատեսվում է հատկացնել 93 միլիարդ ռուբլի՝ այս տարվա 157,2 միլիարդի դիմաց։

«Երկարատև և ակտիվ կյանք» ազգային ծրագրի՝ նախկին «Առողջապահություն» ծրագրի ֆինանսավորումը կկրճատվի 20%-ով՝ կազմելով 145,9 միլիարդ ռուբլի՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված 181,1 միլիարդի փոխարեն։

Պոլիկլինիկաների ու հիվանդանոցների կառուցման, վերանորոգման և արդիականացման համար նախատեսված «Առողջապահության ենթակառուցվածքների զարգացում» դաշնային ծրագիրը կստանա 54,4 միլիարդ ռուբլի՝ 30%-ով պակաս, քան այս տարի։ Իսկ «Ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքար» ծրագրի ֆինանսավորումը կկրճատվի մոտ 12 անգամ՝ 44,9 միլիարդից հասնելով 3,9 միլիարդ ռուբլու։

Ռեկորդային ռազմական ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունը հաջորդ տարվանից նոր հարկեր է սահմանում։ Ոսկի արդյունահանողների և գունավոր մետաղներ արտադրողների համար կգործի «գերշահույթի հարկ», ֆիզիկական անձանց «պասիվ եկամուտների», այդ թվում՝ բանկային ավանդներից ստացվող եկամուտների հարկման առավելագույն դրույքաչափը կբարձրանա մինչև 22%, իսկ արտասահմանյան առցանց խանութներից կատարվող գնումները կհարկվեն 22% ԱԱՀ-ով։

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ հարկային այս փոփոխությունները հաջորդ տարի բյուջե կբերեն 1,5 տրիլիոն ռուբլի, իսկ 2028–2029 թվականներին՝ ևս 2,2 տրիլիոն։

Չնայած նոր հարկերին՝ բյուջեն կմնա դեֆիցիտային։ Կառավարության ծախսերը կգերազանցեն եկամուտները հաջորդ տարի 5,4 տրիլիոն ռուբլով, 2028-ին՝ 5,1 տրիլիոնով, իսկ 2029-ին՝ 5,2 տրիլիոնով։ Այս տարի, ըստ Ֆինանսների նախարարության, բյուջեի դեֆիցիտը կրկնակի կգերազանցի նախապես ծրագրված մակարդակը՝ կազմելով 7,3 տրիլիոն ռուբլի։

«Էքսպերտ ՌԱ»-ի գլխավոր տնտեսագետ Անտոն Տաբախի հաշվարկներով՝ գնաճը հաշվի առնելով՝ 2027 թվականին բյուջեի չպաշտպանված հոդվածներով ծախսերն իրական արտահայտությամբ կկրճատվեն մոտ 12%-ով։ Իսկ Ալֆա-բանկի գնահատմամբ՝ ՀՆԱ-ի նկատմամբ քաղաքացիական ծախսերի հարաբերակցությունը կնվազի մինչև 9%՝ հասնելով 2005 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։

Համեմատության համար՝ ընթացիկ և անցյալ տարիներին այդ ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է ՀՆԱ-ի 10%-ը, 2023–2024 թվականներին կազմել է շուրջ 12%, իսկ նախապատերազմյան 2021-ին՝ 13%։ Քաղաքացիական ծախսերն իրենց առավելագույն մակարդակին են հասել 2009–2010 թվականներին՝ կազմելով ՀՆԱ-ի 16–18%-ը։