Մինչև 2035 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կարող է կանխատեսվող մակարդակից ավելի քան 4%-ով ցածր լինել, եթե կառավարությունները, ի պատասխան Մերձավոր Արևելքի ճգնաժամի, արագացնեն տնտեսության էլեկտրիֆիկացումը, բարձրացնեն էներգաարդյունավետությունը և ավելի ակտիվ անցնեն վառելիքի այլընտրանքային տեսակների։ Դրա մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ)՝ հինգշաբթի հրապարակված World Energy Outlook 2026 զեկույցում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։
Գործակալության գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը նավթի և գազի համաշխարհային առևտրում պատմության ամենախոշոր խափանումն է առաջացրել։ Ռազմական գործողությունները խաթարել են նավագնացությունը Հորմուզի նեղուցով՝ Պարսից ծոցի երկրներից էներգակիրների արտահանման առանցքային երթուղով, որով սովորաբար անցնում է նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։
«Ըստ իս՝ Իրանի հետ պատերազմից հետո էներգետիկ աշխարհն այլևս երբեք նախկինը չի լինի»,- զեկույցի հրապարակման առիթով տված հարցազրույցում հայտարարել է ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։
Գործակալության տվյալներով՝ հակամարտության պատճառով Պարսից ծոցից մատակարարումների ընդհանուր կորուստները կազմել են 2,8 միլիարդ բարել նավթ և 60 միլիարդ խորանարդ մետր գազ։
Զեկույցում դիտարկվում են էներգետիկայի զարգացման տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով պետական քաղաքականության գործող և առաջարկվող միջոցառումները։ Այս տարի ՄԷԳ-ը նաև գնահատել է, թե կառավարություններն ու շուկաներն ինչպես կարող են արձագանքել Հորմուզի նեղուցով նավագնացության երկարատև խափանումներին։
Արձագանքման լրացուցիչ միջոցառումների նոր սցենարի (ARC) շրջանակում էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը կարող է արագացնել էլեկտրաէներգիայի անցումը, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը և ներմուծվող հանածո վառելիքից կախվածության նվազեցումը։
Նման սցենարի դեպքում 2035 թվականին նավթի համաշխարհային օրական պահանջարկը 4,4 միլիոն բարելով ցածր կլինի, քան կառավարությունների գործող քաղաքական ծրագրերի սցենարի (STEPS) դեպքում։ Միայն էլեկտրամոբիլները հնարավորություն կտան փոխարինել նավթի օրական պահանջարկի ավելի քան 11 միլիոն բարելը։
Ըստ ARC սցենարի՝ նավթի համաշխարհային պահանջարկը մինչև 2035 թվականը կնվազի մինչև օրական 97 միլիոն բարել, իսկ մինչև 2050 թվականը՝ մինչև 85 միլիոն։ Համեմատության համար՝ STEPS սցենարի դեպքում այն արդեն 2035 թվականին կգերազանցի օրական 101 միլիոն բարելը։ ARC սցենարում գազի պահանջարկը ավելի քան 300 միլիարդ խորանարդ մետրով ցածր կլինի, քան STEPS-ի դեպքում։
ՄԷԳ-ը նշում է, որ էլեկտրիֆիկացումն արդեն ծախսային առումով մրցունակ է դարձել տրանսպորտի, ջեռուցման և արդյունաբերության բազմաթիվ հատվածներում։ Սակայն դրա տարածումը կարող է դանդաղել էլեկտրացանցերի անբավարար հզորության, լիցքավորման կայանների պակասի և էներգամատակարարման սահմանափակ հնարավորությունների պատճառով։
«Շատ երկրներ էլեկտրիֆիկացումը դիտարկում են որպես էներգետիկ անվտանգության ապահովման գործիք։ Էներգիա ներմուծելու փոխարեն նրանք որոշել են այն արտադրել երկրի ներսում»,- նշել է Բիրոլը։
ՄԷԳ-ի կանխատեսմամբ՝ STEPS սցենարի շրջանակում էլեկտրաէներգիայի մասնաբաժինը համաշխարհային էներգիայի վերջնական սպառման մեջ կմոտենա 30%-ի՝ ներկայիս մոտ 23%-ի դիմաց։ Դա կապված է տրանսպորտի, ջեռուցման և արդյունաբերության որոշ ճյուղերի՝ հանածո վառելիքից էլեկտրաէներգիայի անցնելու հետ։
Տվյալների մշակման կենտրոններից բացի, էլեկտրաէներգիայի սպառման աճի հիմնական գործոններից է դառնում տարածքների հովացումը։
ՄԷԳ-ի տվյալներով՝ շենքերի հովացման պահանջարկն առաջին անգամ գերազանցել է ջեռուցման պահանջարկը։ Գործակալությունն այս միտումը կապում է ջերմաստիճանի բարձրացման և բնակչության եկամուտների աճի հետ, որոնք խթանում են օդորակիչների տարածումը։





























