Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն առաջարկում է 2027 թվականին Մ-12 մայրուղով մինչև Տյումեն անվարորդ բեռնատարներ գործարկել, հաղորդում է ТАСС-ը։

Դա հնարավորություն կտա ստեղծել անվարորդ փոխադրումների աշխարհի ամենաերկար լոգիստիկ միջանցքը, «Ռուսաստանի տրանսպորտ» XX միջազգային համաժողովում հայտարարել է նախարարության թվային զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Յուրենկովը։

«Այսօր հայտարարվեց, որ տարեվերջին մայրուղին երկարացվելու է մինչև Տյումեն։ Առաջարկում ենք դա ընդունել որպես ուղենիշ և հաջորդ տարի մինչև Տյումեն գործարկել նաև անվարորդ բեռնատարները։ Դա կլինի անվարորդ փոխադրումների աշխարհի ամենաերկար լոգիստիկ միջանցքը»,- ասել է Յուրենկովը։

Նրա տվյալներով՝ ներկայում Ռուսաստանի ճանապարհներով երթևեկում է 120 անվարորդ բեռնատար։ Դրանք աշխատում են Մ-11 մայրուղու, Կենտրոնական օղակաձև ավտոճանապարհի (ЦКАД) և Մ-12-ի՝ մինչև Կազան հատվածի վրա։ Փորձարարական իրավական ռեժիմի շրջանակում այդ ավտոմեքենաներն ընդհանուր առմամբ անցել են ավելի քան 20 միլիոն կիլոմետր։

Օգտագործվող բեռնատարներն ունեն ինքնավարության հինգ մակարդակներից երրորդը։ Դա նշանակում է, որ խցիկում վարորդ կա, որն անհրաժեշտության դեպքում կարող է ստանձնել կառավարումը։

«Ռուսաստանի տրանսպորտ» XX միջազգային համաժողովն ու ցուցահանդեսն անցկացվում են Մոսկվայում նոյեմբերի 18-20-ը՝ հոբելյանական՝ 20-րդ Տրանսպորտային շաբաթվա շրջանակում։ Շաբաթվա բոլոր միջոցառումները նախատեսված են 2026 թվականի նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում։