ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գաղտնի ներքին համակարգչային ցանցը երրորդ օրն անընդմեջ մնում է անհասանելի։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկու իրազեկ աղբյուրների։
Հեռուստաալիքի զրուցակիցների տեղեկություններով՝ խափանումներն առաջացել են երեքշաբթի՝ սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկման ընթացքում։ Միաժամանակ, մասնագետները կիբեռհարձակման նշաններ չեն հայտնաբերել, գործակալության հիմնական խնդիրները, այդ թվում՝ էլեկտրոնային հետախուզությունը և կիբեռանվտանգության ապահովումը, շարունակում են իրականացվել։
Տեխնիկական խնդիրներն անդրադարձել են նաև գործակալության Ջորջիա նահանգում գործող ստորաբաժանման վրա, որը զբաղվում է Մերձավոր Արևելքում հետախուզական տվյալների հավաքմամբ։ ԱԱԳ-ում հաստատել են առանձին ներքին համակարգերի աշխատանքի ժամանակավոր խափանումը՝ ընդգծելով, որ կրիտիկականորեն կարևոր ենթակառուցվածքը շարունակում է գործել։
«Թեև որոշ ներքին համակարգեր տուժել են, գործակալության խնդիրների կատարման համար առանցքային նշանակություն ունեցող գործառույթները շարունակում են իրականացվել բնականոն ռեժիմով, ազգային անվտանգությունն ապահովելու մեր կարողությունը մնում է անփոփոխ», — նշվել է գործակալության հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խափանումները ժամանակային առումով համընկել են ավիացիոն, բանկային և փոստային ծառայությունների աշխատանքի լայնածավալ տեխնիկական խափանումների հետ։ Սակայն ԱՄՆ պաշտոնյաները չեն հայտնաբերել ապացույցներ, որ այս միջադեպերը փոխկապակցված են կամ առաջացել են համակարգված կիբեռհարձակման հետևանքով։





























