ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Չարենցի 8ա հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Ստուգումներ են իրականացվել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Գ. Նժդեհի 2 հասցեում գտնվող «Կամօյլ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի Երևան-Արմավիր մայրուղու 37–38 կմ, 134 տարածք հասցեում գտնվող՝ Արտավազդ Մաղաքյանին պատկանող հեղուկ գազի պահեստարանում։

Վերոնշյալ լցակայաններում և հեղուկ գազի պահեստարանում Տեսչական մարմնի Սյունիքի, Տավուշի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք հրդեհների առաջացման վտանգ են ստեղծում և անմիջական ու ուղղակի սպառնալիք են մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող լցակայանների և պահեստարանի աշխատանքները՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի Տավուշի և Սյունիքի տարածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետների և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ երկու մարզերում նշված օբյեկտները կապարակնքվել են, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի Երևան-Արմավիր մայրուղու 37–38 կմ, 134 տարածք հասցեում գտնվող՝ Արտավազդ Մաղաքյանին պատկանող հեղուկ գազի պահեստարանը տարածքային ստորաբաժանման մասնագետների բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է։