Ռուսաստանցի զինվորականները նոյեմբերի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հավածել են Կիևին, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ղեկավար Վիտալի Կլիչկոն։ Նրա տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, նրանցից յոթը հոսպիտալացվել է։ Հարվածի հիմնական թիրախը դարձել են Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջները՝ Պոդոլսկո-Վոսկրեսենսկին, Դառնիցկին և Հարավայինը։ Առաջին կամրջով երթևեկությունը փակվել է, իսկ մյուսներով՝ սահմանափակվել։

«Մայրաքաղաքի ձախ և աջ ափերի միջև երթևեկության դժվարությունների պատճառով բնակիչներին կոչ եմ անում առանց անհետաձգելի անհրաժեշտության չերթևեկել անձնական ավտոմեքենաներով», — գրել է Կլիչկոն։ Նա հավելել է, որ հրթիռային հարձակումը շարունակվում է։ Մասնագետները կկարողանան գնահատել կամուրջների վնասվածության աստիճանը միայն օդային տագնապի ավարտից հետո։ Նաև, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով, հարձակման հետևանքով երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել, վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Քաղաքի մի քանի շրջաններում ցանցում լարման բացակայության պատճառով դադարել է տրոլեյբուսների երթևեկությունը։

Այս գիշեր հարձակման են ենթարկվել նաև Լվովը, Խարկովը, Զապորոժիեն և Դնեպրոպետրովսկի մարզը։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է հիվանդանոցին անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։ Տուժել է չորս մարդ։ Զապորոժիեում անօդաչու թռչող սարքը հարվածել է տրամվայի, մի կին վիրավորվել է։ Դնեպրոպետրովսկի մարզի Ժոլտիե Վոդի քաղաքում տուժել է հինգ մարդ։ ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին զեկուցել է Կիևում և Ուկրաինայի հինգ մարզերում ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկությունների, պահեստների, էներգետիկ օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքի խոցման մասին։

Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջին հասցված ուկրաինական հարվածներին։ «Մեր պատասխան գործողությունները շատ ավելի ցավոտ կլինեն, քան այն, ինչ Կիևի ռեժիմն արել է կամրջի նկատմամբ։ Ժամանակակից ճշգրիտ խոցման միջոցներով դա անելն այնքան էլ դժվար չէ», — ասել է Պուտինը։ Նա նաև հավելել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումներից հետո Մոսկվան Կիևի հետ չի պայմանավորվելու էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում առևտրային նավերին հարվածները դադարեցնելու շուրջ։ Մինչ այդ ռուսաստանցի զինվորականները բազմիցս հարվածել էին Կիևի կամուրջներին։ Վերջին անգամ դա տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին։ Այդ ժամանակ բալիստիկ հրթիռներով խոցվել էին Դնեպրի վրայով անցնող Հյուսիսային և Հարավային կամուրջները։

Վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈՒ) երեք անգամ հարձակվել են Ղրիմի կամրջի վրա։ Հարվածների հետևանքով 227 մետրանոց կամարներից մեկը և ավտոճանապարհային ծածկի 270 մետրանոց հատվածն ընկել են ջուրը։ Նոյեմբերի 19-ին հարվածի է ենթարկվել նաև կամրջի երկաթուղային հատվածը։