Հռոմեական Բրիտանիայի առաջին մայրաքաղաք Կամուլոդունում (այժմ՝ Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Քոլչեսթեր) մոտ երկու հազար տարի առաջ ապրել են Հռոմեական կայսրության տարբեր շրջաններից ժամանած մարդիկ։ Նման եզրակացության են հանգել Դարեմի համալսարանի հնագետները՝ ուսումնասիրելով 22 գերեզմաններից հայտնաբերված դիակիզված աճյունները։

Royal Society Open Science գիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ թաղվածներից մի քանիսը մեծացել են Բրիտանիայից դուրս։ Երեքի աճյուններում հայտնաբերվել են քիմիական հատկանիշներ, որոնք վկայում են, որ նրանք մանկությունն անցկացրել են Միջերկրածովյան տարածաշրջանում՝ հավանաբար ժամանակակից Իտալիայի, Իսպանիայի կամ Լիբանանի տարածքում։

Մարդկանց ծագումը պարզելուն օգնել է վերլուծության նոր եղանակը, որը համատեղում է դիակիզված աճյուններում ստրոնցիումի և կապարի իզոտոպների ուսումնասիրությունը։ Նման թաղումների ուսումնասիրման ավանդական եղանակներով հաճախ դժվար է որոշել, թե որտեղ է մարդն անցկացրել մանկությունը. դիակիզման խարույկի բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է վերլուծության համար անհրաժեշտ նյութի զգալի մասը։

Մեթոդաբանությունը մշակել են Դարեմի համալսարանի հետազոտողները՝ Ջոաննա Մուրի և պրոֆեսոր Ջանեթ Մոնտգոմերիի ղեկավարությամբ, այլ գիտական հաստատությունների գործընկերների հետ համատեղ։ Երկու քիմիական ցուցանիշների համադրումը հնարավորություն է տվել տեղեկություններ ստանալ մահացածների ծագման մասին, որոնք նախկին մոտեցումների կիրառման դեպքում կարող էին աննկատ մնալ։

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել մի տղամարդու աճյունը, որն ամփոփված էր գլադիատորական մարտերի և կենդանիների որսի պատկերներով զարդարված հանրահայտ քոլչեսթերյան ծաղկամանի մեջ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդը, ըստ ամենայնի, ծագումով Միջերկրածովյան տարածաշրջանից էր։

Նման զարդարանքներով ծաղկամանում թաղված լինելու փաստն ինքնին թույլ է տալիս ենթադրել, որ մահացածը կարող էր առնչություն ունենալ գլադիատորական մարտերի հետ, օրինակ՝ վարժեցնել մարտիկներին կամ լինել մրցումները ֆինանսավորող ունևոր հովանավոր։ Սակայն առկա տվյալներով առայժմ հնարավոր չէ պարզել նրա հստակ դերը։

Կամուլոդունը դարձել է հռոմեական նոր նահանգի՝ Բրիտանիայի առաջին մայրաքաղաքը մ.թ. 43 թվականին հռոմեացիների ներխուժումից հետո։ Քաղաքը գրավում էր առևտրականներին ու պաշտոնյաներին և սերտ կապեր էր պահպանում մայրցամաքային Եվրոպայի հետ։

Նոր արդյունքները վկայում են, որ Հռոմեական Բրիտանիայի բնակչությունն ավելի շարժուն ու բազմազան էր, քան կարելի է պարզել միայն հնագիտական գտածոների հիման վրա։ Հետազոտողները հույս ունեն, որ նոր եղանակը կօգնի պարզել նաև այլ մարդկանց ծագումն ու կյանքի պատմությունները, որոնց դիակիզված աճյունները նախկինում դժվար էր ուսումնասիրել։