Հյուսիսային Իռլանդիայում ավարտվել է ամենահին չբացահայտված գործերից մեկի արտասովոր քննությունը. մասնագետները պարզել են, որ աղջիկը, որի մնացորդները գտել էին տորֆաճահճում ավելի քան երկու տարի առաջ, գլխատվել է ավելի քան 2000 տարի առաջ, գրում է The Guardian-ը։

Նա 15-ից 22 տարեկան է եղել, երբ հետևից հարվածել են սառը զենքով։

«Բալիմաքոմս Մորի կին» անվանումը ստացած մնացորդները 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են Դերի կոմսության Բելագի գյուղի մոտ տորֆ արդյունահանող բանվորները։ Հնագիտական պեղումների արդյունքում հաջողվել է դուրս բերել ոսկորները, սակայն գանգը չի հայտնաբերվել։ Մարմնի կողքին հյուսածո առարկա են գտել։

Սկզբում կարծել են, թե մնացորդները արական սեռի անձի են պատկանում, և դրանք անվանել են «Բելագիի տղա»։ Ավելի ուշ պարզվել է, որ դրանք կնոջ մնացորդներ են։ Տեղի բնակիչները նրան տվել են Այնե անունը՝ ի պատիվ դիցաբանական աստվածուհու։

Քննությունն անցկացվել է երկուշաբթի՝ Օլսթերի թանգարանում։ Այն պաշտոնական դատաբժշկական քննություն չէր, սակայն կազմակերպվել էր կորոների քննության օրինակով և հիմնված էր ժամանակակից հնագիտական, քրեագիտական ու գիտական մեթոդների վրա։ Քննությունը ղեկավարել է Հյուսիսային Իռլանդիայի կորոներ Ջո Մաքքրիսքենը։ Աղջկա մահվան հանգամանքները պարզելու համար մասնագետներն օգտագործել են միկրոհամակարգչային տոմոգրաֆիա, թվային քարտեզագրում և եռաչափ պատկերավորում։

Մահվան ստույգ պատճառներն ու հանգամանքները մնում են անհայտ։ Սակայն ստացված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ սպանությունը կարող էր մարդկային զոհաբերությունների հետ կապված ծիսական արարողության մաս լինել։ Նման դեպքեր հայտնի են հյուսիսարևմտյան Եվրոպայում երկաթի դարաշրջանի մարմինների այլ գտածոներից։

Քննությունը համախմբել է Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի համալսարանների մասնագետներին։ Հարցաքննվածների թվում եղել են Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության աշխատակիցներ և տորֆ արդյունահանող ընկերության բանվորներ, որոնց շնորհիվ մնացորդները հայտնաբերվել էին։

Տորֆաճահիճներում պահպանված մարմինները հետազոտողներին օգնում են ուսումնասիրելու երկաթի դարաշրջանի հասարակությունները։ Ամենահայտնի գտածոներից են Իռլանդիայում հայտնաբերված Քլոնի Քավանի մարդը և Դանիայում հայտնաբերված Թոլունդի ու Գրաուբալեի մարդիկ։ Այս հայտնագործությունները ոգեշնչել են նաև գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր բանաստեղծ Շեյմաս Հինիին, որը մեծացել է Բելագիի մերձակայքում։

Ըստ Հյուսիսային Իռլանդիայի ազգային թանգարանների համադրողների բաժնի ղեկավար Հաննա Քրաուդիի՝ հետազոտությունը հնարավորություն է տվել պատմելու նախկինում անհայտ երիտասարդ կնոջ պատմությունը և ավելի լավ հասկանալու ավելի քան երկու հազարամյակ առաջ ապրած մարդկանց կյանքը։ Այս մնացորդները կարևոր նյութ կդառնան հետագա հետազոտությունների համար և կօգնեն կապ հաստատելու ներկայի ու հեռավոր անցյալի միջև։