Ամբողջ աշխարհում լճերն ավելի ու ավելի են նմանվում միմյանց՝ կորցնելով գլոբալ էկոլոգիական փոփոխությունների հետևանքները մեղմելու ունակությունը։ Նման եզրակացության են հանգել Չինաստանի գիտությունների ակադեմիայի Նանկինի աշխարհագրության և լճագիտության ինստիտուտի գիտնականները՝ պրոֆեսոր Չժան Կեի ղեկավարությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական հանդեսում։

Թեև լճերը զբաղեցնում են Երկրի մակերևույթի 2%-ից պակաս մասը, դրանք կարևոր դեր են խաղում ածխածնի և սննդանյութերի շրջապտույտում, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման գործում։

Պատմականորեն լճային էկոհամակարգերը փոփոխվել են միմյանցից անկախ։ Տեղական ջրահավաք ավազանների առանձնահատկությունները դրանց օգնել են դիմակայելու լայնածավալ էկոլոգիական փոփոխություններին։ Այդ անհամասեռությունը գործել է որպես բնական մեղմիչ մեխանիզմ․ մի տարածաշրջանում տեղի ունեցող խախտումները պարտադիր չէ, որ համընկնեին այլ տարածաշրջանների փոփոխությունների հետ։

Սակայն հատակային նստվածքների վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս հետևելու դարերի ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին, և շուրջ 2000 լճերի արբանյակային դիտարկումները ցույց են տվել, որ 2000 թվականից ի վեր դրանց փոփոխությունների համաժամանակությունը զգալիորեն աճել է։ Էկոհամակարգերի վրա միաժամանակ ազդում են կլիմայական ծայրահեղ երևույթները, ներառյալ՝ շոգի ալիքները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական գործոնները։

Գիտնականները գնահատել են, մասնավորապես, ֆիտոպլանկտոնի կենսազանգվածի և ջրի թափանցիկության փոփոխությունները։ Այդ ցուցանիշներն արտացոլում են լճային էկոհամակարգերի վիճակը և հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու դրանցում ընթացող կենսաբանական ու քիմիական գործընթացների մասին։ Դրանց աճող համաժամանակությունը վկայում է, որ ածխածնի, սննդանյութերի և կենսաբազմազանության հետ կապված գործընթացները ևս կարող են ավելի համաժամանակյա դառնալ։

Չժան Կեի գնահատմամբ՝ էկոլոգիական տատանումները մեղմելու բնական ունակության կորուստը կարող է լճերը համեմատաբար անկախ համակարգերից վերածել գլոբալ ռիսկերը մեծացնող գործոնների։ Եթե բազմաթիվ ջրային ավազաններում փոփոխությունները տեղի ունենան միաժամանակ, դա կարող է հանգեցնել ջերմոցային գազերի լայնածավալ արտանետումների կամ ջրում թթվածնի պակասի համատարած առաջացման՝ սպառնալով ջրային օրգանիզմներին։

Հետազոտողները կարծում են, որ ջրային ռեսուրսների պահպանության գործող մոտեցումները բավարար չափով հաշվի չեն առնում լճային էկոհամակարգերի փոխկապակցվածությունը։ Յուրաքանչյուր ջրային ավազան որպես առանձին օբյեկտ կառավարելու փոխարեն նրանք առաջարկում են փոխկապակցված լճերը դիտարկել որպես միասնական դինամիկ համակարգ։

Այդ նպատակով գիտնականները մշակել են մոլորակային նշանակության ռազմավարական լճային տարածքների հայեցակարգ, որը հնարավորություն կտա բացահայտելու այն տարածաշրջանները, որտեղ էկոհամակարգերի փոփոխությունները դառնում են հատկապես համաժամանակյա, և մշակելու բնապահպանական համաձայնեցված միջոցառումներ։

Նպատակն, ընդգծում են հեղինակները, համաժամանակությունն ամբողջությամբ վերացնելը չէ, այլ տեղական էկոլոգիական գործընթացների բազմազանությունը պահպանելը։ Հենց փոփոխություններին տարբեր կերպ արձագանքելու էկոհամակարգերի ունակությունն է օգնում պահպանելու ամբողջ մոլորակի կայունությունը։