Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները դեմ են Շենգավիթի Մանանդյան փողոցի 33/27 հասցեում՝ «Հայէլեկտրո» գործարանի նախկին տարածքում, «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կողմից ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրության ստեղծմանը։ Այս մասին հայտնի դարձավ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծի վերաբերյալ առաջին հանրային լսման արդյունքում։
Քննարկմանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ, բնապահպան ակտիվիստներ, ինչպես նաև նախատեսվող արտադրական տարածքի հարակից բնակելի շենքերի բնակիչներ։
Նախագծող՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վռամ Թադևոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ Երևանում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 400,000 քմ էպօքսիդային պրեպրեգներ՝ ածխածնային և ապակեթելային ամրանավորող նյութերի հիման վրա։
Կիրառվող քիմիական և հումքային նյութերի վերաբերյալ նա հայտնեց, որ արտադրական գործընթացում որպես ելակետային նյութեր և կապակցանյութի բաղադրիչներ օգտագործվելու են էպօքսիդային խեժեր (որոնք էպիքլորհիդրինի և ֆենոլների պոլիկոնդենսացման արգասիքներ են), կարծրացուցիչներ (պոլիամիններ և այլն), ռեակցիայի արագությունը կարգավորող արագացուցիչներ կամ կատալիզատորներ, ինչպես նաև հարվածադիմացկունությունը բարձրացնող մոդիֆիկատորներ (toughening agents) և այլ հատուկ հավելանյութեր։ Որպես օժանդակ նյութեր կիրառվելու են սիլիկոնապատ բաժանարար թուղթ, պոլիէթիլենային և պաշտպանիչ տեխնոլոգիական թաղանթներ ու ստվարաթղթե գլանամիջուկներ։
Մթնոլորտային արտանետումների և օդի ազդեցության մասով Թադևոսյանը ներկայացրեց «Ռայդենա» ընկերության համանման արտադրության (600,000 քմ հզորության համար հաշվարկված) նախնական տվյալները՝ նշելով, որ տարեկան արտանետումները կազմում են ընդամենը 1.248 կգ էպիքլորհիդրին և 6 կգ կախված մասնիկներ։ Ըստ ներկայացված հաշվարկների՝ 50 մետր հեռավորության վրա գետնամերձ կոնցենտրացիաները միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ) ցածր են՝ էպիքլորհիդրինի դեպքում՝ 3,581 անգամ, իսկ կախված մասնիկների դեպքում՝ 448 անգամ, հետևաբար՝ բնապահպանական միջոցառումների իրականացման պայմաններում օդի վրա էական բացասական ազդեցություն չի ակնկալվում։
Արտադրական թափոնների և վտանգավոր նյութերի կառավարման վերաբերյալ ներկայացվեց, որ արտադրության ընթացքում տարեկան կառաջանա ընդհանուր առմամբ 11.066 տոննա թափոն։ Դրանց թվում են ածխածնային մանրաթելերի մնացորդները (2.394 տ/տարի), պրեպրեգների մնացորդները (2.176 տ/տարի), էպօքսիդային խեժերի մնացորդները (1.965 տ/տարի), սիլիկոնացված թուղթը (1.915 տ/տարի), պոլիէթիլենային թաղանթը (1.915 տ/տարի), ինչպես նաև փոքր ծավալներով կարծրացուցիչներ (0.3 տ/տարի), ջերմապլաստիկ պոլիմեր (0.205 տ/տարի), մոդիֆիկատորներ (0.145 տ/տարի) և միզանյութի ածանցյալ/արագացուցիչ (0.051 տ/տարի)։
Լսելով ներկայացված նախագիծը՝ բնակիչները հետաքրքրվեցին, թե ինչու է արտադրության համար ընտրվել Շենգավիթ վարչական շրջանի հենց այս գերբնակեցված հատվածը՝ հաշվի առնելով, որ տարածքի անմիջական հարևանությամբ կան բնակելի շենքեր, բաց մարզադաշտ, իսկ նույն փողոցում են գտնվում նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնն ու ծննդատունը։ Ի պատասխան՝ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը պարզաբանեց, որ իրենք հարմար են գտել արտադրությունը կազմակերպել տարածքում առկա չգործող գործարանի շենքում։ Սա հարուցեց բնակիչներից մեկի վրդովմունքը. «Եթե ձեզ հարմար է, դա դեռ չի նշանակում, որ մեզ էլ է հարմար։ Գալիս եք իմ պատուհանից 100 մետր այն կողմ արտադրություն եք հիմնում, իսկ իմ երկու տարեկան երեխան պետք է այդ արտանետումները շնչի՞»։
Բնապահպան ակտիվիստներից մեկն էլ նկատեց, որ նախքան հանրային լսումը չի ներկայացվել որևէ ամբողջական նախագիծ՝ հստակ և չափելի տվյալներով, իսկ կառուցվող արտադրության վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին ընկերությունն արձագանքել է դատական հայցերի սպառնալիքներով, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։
Լսելով բնակիչների դժգոհությունները՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն իր հերթին հայտարարեց, որ որպես համայնքի ղեկավար և Շենգավիթի բնակիչ՝ ինքը ևս կիսում է նրանց մտահոգությունները։ «Դեռ խորհրդային տարիներից քիմիական գործարանները կառուցվում էին այն տարածքներում, որտեղ բնակչությունը քիչ էր։ Ես մասնագետ չեմ, սպասենք մասնագետների եզրակացություններին, բայց կողմնակից եմ, որ նման արտադրությունները լինեն բնակելի տարածքներից դուրս։ Ես ձեզ հետ եմ»,- դիմելով բնակիչներին՝ նշեց Մխիթարյանը։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչը հայտարարեց, որ բնակիչների դժգոհություններն արձանագրվել են, և հանրային լսման արդյունքները՝ նախաձեռնող ընկերության ներկայացրած փաստաթղթերի հետ միասին, կներկայացվեն հանձնաժողովի քննարկմանը, ինչից հետո միայն հարցը կներառվի Երևանի ավագանու նիստի օրակարգում։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնեցին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի հարցը ներառվի նիստի զեկուցվող հարցերի օրակարգում, և հանրությունը տեղյակ լինի հետագա գործընթացների մասին։
Նշենք, որ այս տարվա օգոստոսի 27-ին N 1283-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը բավարարեց «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառեց համապատասխան արտոնությունը։ Ընկերությունը ՀՀ կառավարություն էր դիմել 35 անուն ապրանքի ներկրման մաքսատուրքից ազատելու համար։ Հումքի և նյութերի թվում են՝ ֆենոլաալդեհիդային հիմքով խեժ, սկզբնական ձևի էպոքսիդային խեժ, բարձր ամրության պոլիակրիլոնիտրիլային հիմքով ածխածնային մանրաթել, արոմատիկ պոլիամինների՝ դիէթիլմեթիլբենզենդիամինի հիմքով կարծրացուցիչ, պոլիսուլֆոնի փոշի և այլն։
Ըստ որոշման հիմնավորման՝ «ՌԱՅԴԵՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն օտարերկրյա ներդրումներով կազմակերպություն է, որն ավիատիեզերական, ավտոմոբիլային և արդյունաբերական այլ նորարարական ճյուղերի համար կոմպոզիտային նյութերի՝ պրեպրեգների (prepregs) մշակման և արտադրության մեջ մասնագիտացված ինժեներատեխնոլոգիական միակ ստարտափ ընկերությունն է ՀՀ-ում։ Պրեպրեգը համարվում է տնտեսապես բարդ արտադրվող ապրանք։
ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի բաժնետերերն (մասնակիցները) են Ռուբեն Դիշդիշյանը, Դմիտրի Կոգանը և Ալեքսանդր Շլեյնիկովը։




























