Կարելի՞ է միայն արտաքին տեսքից հասկանալ՝ մսամթերքն անվտա՞նգ է, թե՞ ոչ։ Խանութում ընտրություն կատարելիս սպառողը կարող է ստուգել պիտանելիության ժամկետը, կարդալ բաղադրությունը, գնահատել գույնն ու արտաքին տեսքը, բայց սննդամթերքի անվտանգության ամենակարևոր ցուցանիշներից շատերը հնարավոր չէ որոշել ոչ տեսքով, ոչ հոտով, ոչ էլ համով։ Մինչեւ ապրանքը կհայտնվի խանութի սառնարանում, այն անցնում է մեկ ամբողջական շղթայով, որի մեծ մասը սպառողի համար անտեսանելի է։ Ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ մսամթերքի արտադրությունում, ինչպե՞ս են դրանք վերահսկվում, և ի՞նչ է կատարվում, եթե որևէ փուլում շեղում է հայտնաբերվում։

Այս հարցերը հասկանալու համար NEWS.am-ը զրուցել է «Աթենք» մսամթերքի ընկերության Սննդի անվտանգության վերահսկողության բաժնի ղեկավար Սուսաննա Մելիքյանի հետ։

Առաջին կարևոր տարբերակումն, ըստ մասնագետի, որակի և անվտանգության միջև է։ Արտադրությունում դրանք տարբեր հասկացություններ են։ Որակական վերահսկողությունը վերաբերում է արտադրանքի սահմանված տեսքին, համին, հոտին, գույնին ու բաղադրությանը, մինչդեռ անվտանգության վերահսկողության նպատակը մարդու առողջության համար հնարավոր ռիսկերի կառավարումն է։ Որոշ շեղումներ կարող են որևէ ազդեցություն չունենալ արտադրանքի տեսքի կամ համի վրա և բացահայտվել միայն համապատասխան հետազոտությամբ։

Սննդի անվտանգության համակարգի խնդիրը միայն պատրաստի արտադրանքը ստուգելը չէ։ Հնարավոր վտանգները գնահատվում և վերահսկվում են ամբողջ ընթացքում՝ սկսած հումքի ընդունումից, որի ժամանակ ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տեղափոխման պայմանները, իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

«Վերահսկվում են հումքի տեղափոխման ջերմաստիճանային պայմանները, կատարվում են նաև մանրէաբանական հետազոտություններ»,- ասում է Սուսաննա Մելիքյանը։

Սննդի անվտանգության վերահսկողության կարևոր օղակներից մեկը լաբորատոր ստուգումն է։ Այն հնարավորություն է տալիս դեռ արտադրության սկզբնական փուլում գնահատել հումքի համապատասխանությունը և որոշել՝ արդյո՞ք այն կարող է անցնել հետագա մշակման։

Այս գործընթացն ավելի օպերատիվ կազմակերպելու համար որոշ արտադրողներ ունեն սեփական ներքին լաբորատորիաներ։ «Աթենք» ընկերությունը նույնպես սեփական լաբորատորիա ունի, որտեղ ուսումնասիրվում են հումքի օրգանոլեպտիկ (հոտ, գույն, արտաքին տեսք) և մանրէաբանական ցուցանիշները։ Միայն համապատասխան արդյունքների դեպքում է հումքը թույլատրվում օգտագործել արտադրության հաջորդ փուլերում։ Սակայն համապատասխան հումքը դեռ ամբողջ շղթայի միայն առաջին օղակն է։ Նույնքան կարևոր է այն միջավայրը, որտեղ այն մշակվում է, ուստի վերահսկողությունը շարունակվում է արդեն արտադրական տարածքներում։

Արտադրությունում վերահսկվում են աշխատակիցների հիգիենան, սարքավորումների և աշխատանքային մակերեսների մաքրությունը, լվացման ու ախտահանման գործընթացները, ինչպես նաև արտադրությունում օգտագործվող ջրի համապատասխան ցուցանիշները։ Կախված արտադրատեսակի տեխնոլոգիայից՝ հաջորդ փուլերում վերահսկվում են նաև անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմները, փաթեթավորման և պահեստավորման պայմանները։ Նպատակն է ապահովել արտադրանքի անվտանգությունը ոչ միայն առանձին փուլերում, այլև արտադրության ամբողջ ընթացքում։

Վերահսկողությունը ներառում է նաև հստակ գործողություններ այն դեպքերի համար, երբ որևէ շեղում է հայտնաբերվում

«Բոլոր այն կետերում, որտեղ մենք հնարավոր ռիսկ ենք տեսնում, նախ գնահատում ենք՝ ինչի հետ գործ ունենք, որքա՞ն մեծ է այդ ռիսկը, ի՞նչ ծավալ կարող է ունենալ և արտադրական ո՞ր փուլին է վերաբերում։ Դրանից հետո համապատասխան պատասխանատու բաժինները որոշում են հետագա գործողությունները, եթե խնդիրը հումքի հետ է կապված, այն մեկուսացվում է, անհրաժեշտության դեպքում կատարվում են լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ, եթե հարցը սարքավորման կամ արտադրական միջավայրի հետ է կապված, գործընթացը կարող է դադարեցվել մինչև անհրաժեշտ մաքրման, ախտահանման և կրկնակի վերահսկման իրականացումը։ Այսինքն՝ մեր նպատակը խնդիրը վերջում հայտնաբերելը չէ, այլ հնարավոր ռիսկը վաղ փուլում տեսնելը և թույլ չտալը, որ այն անցնի արտադրական հաջորդ փուլեր»,- բացատրում է զրուցակիցը։

Արտադրական տարբեր փուլերում կատարված գրանցումները թույլ են տալիս վերականգնել արտադրանքի անցած ճանապարհը՝ մինչև օգտագործված հումքն ու դրա մատակարարը։ Այդ տեղեկությունները կարևոր են նաև սպառողի դիմումն ուսումնասիրելիս։

«Երբ սպառողից որևէ արձագանք ենք ստանում, առաջին հերթին փորձում ենք հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքել՝ որտեղից է գնվել ապրանքը, երբ, ինչ պիտանելիության ժամկետ է ունեցել, ինչ բնույթի խնդիր է արձանագրվել։ Դրանից հետո գնահատում ենք՝ խոսքը կոնկրետ մե՞կ արտադրանքի մասին է, թե՞ անհրաժեշտ է ուսումնասիրել ավելի լայն շրջանակ։ Եթե կա խմբաքանակի հետ կապված ռիսկի հավանականություն, համապատասխան արտադրանքը մեկուսացվում է և սկսվում է հետագծելիության ամբողջ գործընթացը։ Գրանցումների միջոցով հնարավոր է քայլ առ քայլ վերականգնել արտադրանքի ճանապարհը՝ պատրաստի արտադրանքից ու պահեստից մինչև փաթեթավորում, արտադրական փուլեր և հումքի մատակարար։ Եթե պարզվում է, թե շեղումը որ փուլում կարող էր առաջանալ, այդ հատվածում արդեն իրականացվում են ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումներ՝ կրկնության ռիսկը նվազեցնելու համար»,-բացատրում է մասնագետը։

Սպառողներին հաճախ հետաքրքրում է նաև պիտանելիության ժամկետը․ ինչպե՞ս է որոշվում, որ մի արտադրանքը կարելի է պահպանել այսքան օր, իսկ մյուսն՝ ավելի երկար։ Պիտանելիության ժամկետը սահմանվում է հետազոտությունների արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով արտադրանքի բաղադրությունը, տեխնոլոգիան, փաթեթավորումն ու պահպանման պայմանները։ Դրանց հիման վրա էլ սահմանվում են արտադրանքի պահպանման ժամկետն ու համապատասխան պայմանները։

Այդ պայմանների պահպանումը, սակայն, կարևոր է նաև այն բանից հետո, երբ արտադրանքը դուրս է գալիս գործարանից՝ տեղափոխման և վաճառքի ընթացքում։ Վաճառողը ևս պետք է ապահովի պիտակի վրա նշված պայմանները։ «Աթենք»-ի համապատասխան ստորաբաժանումներն իրենց հերթին դիտարկումներ են իրականացնում վաճառակետերում՝ հետևելով արտադրանքի պահպանման պայմաններին։

Սննդի անվտանգության այս ամբողջ համակարգի հիմքում վտանգների նախնական գնահատման և վերահսկման սկզբունքն է։ Հայաստանում սննդի արտադրությունում գործում են նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները, այդ թվում՝ HACCP՝ վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման համակարգը։ «Աթենք»-ն ունի ISO 22000 սննդի անվտանգության կառավարման համակարգի և HACCP սերտիֆիկացում, անցնում է նաև FSSC 22000 սերտիֆիկացման գործընթացը։

Խանութում սպառողը տեսնում է պատրաստի ապրանքը, բայց դրա հետևում հումքի, արտադրական պայմանների, փաթեթավորման ու պահպանման շարունակական վերահսկողությունն է։ Այդ աշխատանքի նպատակը մեկն է՝ հնարավոր խնդիրները ժամանակին հայտնաբերել և անվտանգ արտադրանք հասցնել սպառողին։

Անահիտ Սարգսյան