Ֆինանսների նախարարության առաքելությունը նորարարական ֆինանսական այնպիսի համակարգերի ստեղծումն է, որոնք կապահովեն Հայաստանի բեկումնային զարգացումը։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարն ընդգծեց, որ 2021-2025 թվականներին Հայաստանում միջին տնտեսական աճը կազմել է 7,9%, իսկ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը 2021 թվականի համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով 4 տրլն դրամի։
«Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ բեկումնային զարգացումն իսկապես տեղի է ունեցել», — ասաց ֆինանսների նախարարը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի առևտրային և ընթացիկ հաշիվների պակասուրդի ֆինանսավորման, ինչպես նաև արտաքին տնտեսական կայունության ապահովման վերաբերյալ վերջին շրջանում առաջացող հարցերին։
Այս համատեքստում Հովհաննիսյանը հատկապես կարևորեց միջազգային պահուստների աճը․ 2026 թվականի հոկտեմբերի վերջին դրանք հասել են շուրջ 7,2 մլրդ դոլարի՝ գրանցելով պատմական առավելագույն ցուցանիշ։
Նախարարը նաև ընդգծեց պետական պարտքի կառուցվածքում արտաքին պարտավորությունների մասնաբաժնի զգալի կրճատումը։
Անդրադառնալով ընթացիկ հաշվի պակասուրդի դինամիկային՝ նախարարը նշեց, որ 2010-2017 թվականներին այն միջինում կազմել է ՀՆԱ-ի 6,7%-ը, 2018-2025 թվականներին՝ 5,1%-ը, իսկ 2021-2025 թվականներին՝ 4,5%-ը։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ տնտեսական քաղաքականության տեսանկյունից կարևոր է հաշվի առնել ոչ միայն ներմուծման աճը կամ ընթացիկ հաշվի պակասուրդի մեծությունը, այլև այն, թե ինչ միջոցների հաշվին է ֆինանսավորվում այդ պակասուրդը, և ինչ է տնտեսությունը ստանում դրա դիմաց։





























