Անգլերենի Քեմբրիջի բառարանը «մարդ» (human) գոյականը ճանաչել է 2026 թվականի բառ։ Ըստ հրատարակության հաղորդագրության՝ այս ընտրությունն արտացոլում է արհեստական բանականության (ԱԲ) աճող ազդեցությունն այն պատկերացումների փոփոխության վրա, թե ինչ է նշանակում մարդ լինել։
Ինչպես նշում են բառարանագիրները, այս բնորոշումը նոր իմաստ է ստացել այն պայմաններում, երբ ԱԲ-ն «ջնջում է մարդկանց և մեքենաների միջև սահմանները»։ Բառարանը կազմողների կարծիքով՝ քանի որ արհեստական բանականությունն ավելի ու ավելի խորն է ներթափանցում առօրյա կյանք, իսկ առաջադեմ տեխնոլոգիաներից մարդկանց կախվածությունն աճում է, կարող է թվալ, թե հենց մարդու դիրքերն են վտանգված։ Սակայն, նրանց կարծիքով, դա ամենևին այդպես չէ։
Քեմբրիջի բառարանի բառարանագիր Քոլին Մաքինթոշի խոսքով՝ մտավախությունները, որ մարդը կարող է ինչ-որ բան կորցնել՝ իր մտածողությունը տեխնոլոգիաներին պատվիրակելով, նրան ստիպում են «վերաիմաստավորել ԱԲ-ից հասարակության կախվածության աստիճանը»։
Cambridge University Press հրատարակչության խորհրդի անդամ Ֆրանչեսկա Վուդվորդը նշել է, որ ԱԲ-ի սրընթաց զարգացման դարաշրջանում և այն տագնապալի կանխատեսումների ֆոնին, որ դա կարող է նույնիսկ հանգեցնել մարդկության կործանմանը, այս բառը լավագույնս արտացոլում է «ժամանակի ոգին»։ «Մարդիկ փորձում են իրենց հիշեցնել, թե կոնկրետ ինչ է նշանակում մարդ լինել», - ասել է նա։
Բառարանագիրներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ անգլերենում human բառը գնալով ավելի հաճախ է օգտագործվում բառակապակցություններում, օրինակ՝ human-written («մարդու գրած»), human-generated («մարդու գեներացրած»), human-made («մարդու պատրաստած»)՝ ընդգծելու համար, որ աշխատանքը կատարել է մարդը, այլ ոչ թե ԱԲ-ն։





























