Կանադայի կառավարությունը նոյեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման մասին։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն զինամթերքի, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ձեռքբերմանն ու թիկունքային ապահովմանը։

«Զինամթերքի չեխական նախաձեռնության» շրջանակներում Օտտավան կտրամադրի 45 միլիոն կանադական դոլար (մոտ 31,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այդ գումարով կմատակարարվեն մեծ հեռահարության առաջնահերթ նշանակության արկեր և ՀՕՊ սարքավորումներ։ Հաշվի առնելով նոր տրանշը՝ այս նախաձեռնության շրջանակներում Կանադայի ստանձնած ընդհանուր պարտավորությունները կգերազանցեն 500 միլիոն կանադական դոլարը։

Նախատեսվում է ևս 80 միլիոն կանադական դոլար (շուրջ 56 մլն դոլար) հատկացնել ուկրաինական հակաօդային պաշտպանության համար սենսորային համակարգերի ձեռքբերմանը։

Օգնության առանձին փաթեթ է նախատեսված ձմեռային պայմաններում զորքերի ապահովման համար։ Այս նպատակով տրամադրվել է 30 միլիոն կանադական դոլար (մոտ 21 մլն դոլար)։ Գումարը կծախսվի ձմեռային հագուստի և հանդերձանքի, մասնավորապես՝ բաճկոնների, ճտքակոշիկների, ջերմային ներքնազգեստի ու քնապարկերի գնման վրա։ Բացի այդ, Կանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 250 հազար անհատական պարենային օրաբաժին։

«Դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ համագործակցությամբ Կանադան կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ այն համապատասխանեցնելով երկրի պաշտպանական հարափոփոխ կարիքներին»,— նշված է Կանադայի կառավարության փաստաթղթում։