Չինաստանի զարգացման 15-րդ հնգամյա ծրագրի հաջող մեկնարկը նոր հնարավորություններ է բացում համաշխարհային տնտեսական աճի համար և համագործակցության հրավեր է օտարերկրյա գործարար շրջանակներին։ Այս մասին նոյեմբերի 18-ին Շենչժենում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։
Նա հիշեցրել է, որ Չինաստանն աշխարհի երկրորդ խոշորագույն սպառողական շուկան է և ունի միջին եկամուտ ունեցող բնակչության ամենամեծ խումբը։ Չինաստանի առաջնորդի խոսքով՝ երկիրն արագացնում է բաց ներքին շուկայի ձևավորումը և ավելացնում որակյալ ապրանքների ու ծառայությունների ներմուծումը։ Սա կայուն պահանջարկ է ստեղծում ամենատարբեր ոլորտներում՝ նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաներից մինչև ձմեռային զբոսաշրջություն և «տարեցների տնտեսություն»։
«Չինաստանը հետևողականորեն խորացնելու է բարեփոխումները՝ սկսած մաքսատուրքերի նվազեցումից և շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումից մինչև կառավարման կանոնների ու չափանիշների բարեփոխման ավելի բարդ հարցերը», — հայտարարել է Սի Ծինփինը։
ՉԺՀ նախագահը նաև հաստատել է Պեկինը պատրաստ է շարունակել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ բարձրորակ իրականացումը և օտարերկրյա ներդրողների համար ծառայությունների ոլորտն ավելի բաց դարձնելու քաղաքականությունը։
Դիանա Առուշանյան, Շենչժեն





























