XII դարում անգլերենը լուրջ փոփոխություններ կրեց․ հին անգլերենն աստիճանաբար իր տեղը զիջեց միջին անգլերենին։ Ասպիրանտ Ամոս վան Բաալենն իր ատենախոսության մեջ ուսումնասիրում է, թե ինչպես է տեղի ունեցել այս անցումը՝ վերլուծելով հին քարոզները, գրում է Phys.org-ը։

XI դարում ապրած անգլոսաքսոն վանահայր Էլֆրիկը հայտնի էր իր քարոզներով։ Նույնիսկ նրա մահից գրեթե 200 տարի անց այդ տեքստերը շարունակում էին արտագրել ու տարածել, թեև հին անգլերենն արդեն դադարել էր գործածվել առօրյա խոսքում։ Դրա շնորհիվ քարոզները հետազոտության համար արժեքավոր նյութ դարձան։

«Հին անգլերենը նման է նիդերլանդերենին ու գերմաներենին, մասամբ նաև շվեդերենին,- պարզաբանում է վան Բաալենը։- 1066 թվականին նորմանների կողմից Անգլիայի նվաճումից հետո գրավոր լեզուն աստիճանաբար վերածվեց միջին անգլերենի։ Բանավոր խոսքում այդ գործընթացն ավելի վաղ էր սկսվել․ օրինակ՝ շատ բառեր ժամանակի ընթացքում ձեռք բերեցին այնպիսի ձևեր, որոնք ճանաչելի են նաև այսօր»։

Սակայն գրավոր խոսքը երկար ժամանակ պահպանում էր հին նորմերը։ Մինչև նորմանական նվաճումը վանքերում մանրակրկիտ ուսուցանում էին ավանդական հին անգլերենը, ուստի գրիչները շարունակում էին հետևել ընդունված չափանիշին, նույնիսկ երբ առօրյա խոսքն արդեն փոխվում էր։ Արդյունքում գրավոր լեզուն գնալով ավելի քիչ էր համապատասխանում մարդկանց իրական խոսքին։

Միայն XII դարի վերջին հին գրավոր չափանիշը վերջնականապես վերացավ․ այդ ժամանակ արդեն մահացել էին ավանդական վանական կրթություն ստացած վերջին գրիչները։

Այս անցմանը հետևելու համար հետազոտողն ուսումնասիրել է քարոզների քերականությունն ու բառապաշարը։ Մասնավորապես, նա վերլուծել է հոգնակի թվի տրական հոլովը, որը հին անգլերենում արտահայտվում էր -um վերջավորությամբ։ Դրա օգնությամբ կարելի էր ցույց տալ անուղղակի խնդիրը․ օրինակ՝ «Ես երեխաներին ուտելիք եմ տալիս» նախադասության մեջ «երեխաներին» բառը կլիներ տրական հոլովով։

Վան Բաալենը ստուգել է՝ արդյոք գրիչները վերջավորություններում պահպանում էին վերջին ռնգային բաղաձայնները՝ -m-ը կամ -n-ը։ Անշեշտ վանկերում դրանց անհետացումը բանավոր խոսքի փոփոխություններից մեկն էր։ Դա հնարավորություն է տվել պարզելու, թե արտասանության նոր նորմերը որքան արագ էին ներթափանցում գրավոր տեքստեր։

Հետազոտողն ուսումնասիրել է նաև բառապաշարը։ Ֆրանսերեն և հին սկանդինավերեն բառերը հազվադեպ էին դուրս մղում անգլերեն համարժեքները, սակայն ձեռագրերում հայտնաբերվել են բարբառային և տարածաշրջանային ձևեր, որոնցից շատերը պահպանվել են մինչև մեր օրերը։ Ըստ գիտնականի՝ դա վկայում է, որ գրիչներն աստիճանաբար սկսել էին գրի առնել այն, ինչ լսում էին իրենց շուրջը։

Այս երևույթի ճշգրիտ պատճառն անհայտ է։ Վան Բաալենը ենթադրում է, որ իր դերը կարող էր ունենալ XII դարի կեսերին Անգլիայում լատիներենի դիրքերի թուլացումը՝ ֆրանսերենի անգլոնորմանական տարբերակի տարածման պայմաններում։ Հնարավոր է՝ դա մարդկանց ավելի մեծ ազատություն է տվել անգլերեն գրելու այնպես, ինչպես խոսում էին։