Սարատովի մարզային դատարանը ձեռնարկատեր Վասիլի Գրաֆսկուն դատապարտել է 23 տարվա ազատազրկման՝ պատիժը խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում կրելու պայմանով՝ պետական դավաճանության և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանությանը մասնակցության գործով։ Գրաֆսկին մեղավոր է ճանաչվել նաև պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի իրացման, ինչպես նաև փողերի լվացման համար, գրում է «Коммерсантъ»-ը։
Քննության վարկածով՝ 2023 թվականի հունիսին դռների առևտրով զբաղվող Գրաֆսկին սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և համաձայնել վարձատրության դիմաց կատարել նրա առաջադրանքները։ Սկզբում նա նկարահանել է Պրիվոլժյան երկաթուղու մի հատված, ապա տեղեկություններ հավաքել Սարատովի մարզի զորամասերից մեկի զինծառայողների, նրանց ավտոմեքենաների և հրամանատարական կազմի բնակության վայրերի մասին։ Ձեռք բերված նյութերը ձեռնարկատերը փոխանցել է համակարգողին։
2024 թվականի ամռանը Գրաֆսկին համակարգողի հանձնարարությամբ պարզել է Սարատովի ձեռնարկություններից մեկի ղեկավարի՝ աշխատանքի ժամանելու ժամը և ուսումնասիրել գործարանի շրջակայքի իրադրությունը։ Նույն տարվա վերջին նա Օրյոլի մարզում գտնվող թաքստոցից վերցրել է պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, որոնք սկզբում պահել է ավտոմեքենայում, այնուհետև՝ Սարատովի ավտոտնակներից մեկում։ 2025 թվականի փետրվարին նա դրանք տեղափոխել է Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքի մարզահյուրանոցային համալիր։
Նույն ժամանակ Գրաֆսկին ստացել է գեներալ Մոսկալիկի լուսանկարն ու նրա մասին տեղեկություններ, որից հետո պարզել է զորահրամանատարի բնակության վայրն ու օրվա ռեժիմը։ Դատարանի տվյալներով՝ ուկրաինացի համակարգողը հավաքված տեղեկությունները փոխանցել է կատարող Իգնատ Կուզինին, որը վերցրել է Գրաֆսկու հասցրած պայթուցիկ նյութերը և ռումբ պատրաստել։ Այն տեղադրվել է գեներալի տան մոտ կանգնած Volkswagen Golf ավտոմեքենայում։
2025 թվականի ապրիլի 25-ին Մոսկալիկը զոհվել է ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, որի կողքով անցնում էր տնից դուրս գալուց հետո։ 2025 թվականի նոյեմբերին Կուզինը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 2026 թվականի սեպտեմբերին Վերաքննիչ ռազմական դատարանն այդ դատավճիռը թողել է ուժի մեջ։
Ըստ գործի նյութերի՝ Գրաֆսկին շարունակել է առաջադրանքներ կատարել նաև գեներալի մահից հետո. 2025 թվականի ապրիլին նա Օրյոլի մարզից Սարատովի մարզով Օմսկի մարզ է տեղափոխել անհայտ պարունակությամբ արկղ, իսկ ամռանը հետևել է Սարատովի գործարաններից մեկի ղեկավարությանն ու աշխատակիցներին։
Համակարգողի հետ կապ պահպանելու համար ձեռնարկատերն օգտագործել է մի քանի հեռախոս և բազմաթիվ, այդ թվում՝ արտասահմանյան SIM քարտեր։ Վարձատրությունը նա ստացել է կրիպտոարժույթով՝ Telegram-ի էլեկտրոնային դրամապանակին, այնուհետև օրինականացրել միջոցները փոխանակման գործարքների և թվային ակտիվների վաճառքի միջոցով։ Նրան ձերբակալել են 2025 թվականի օգոստոսի սկզբին։
Դատաքննության ընթացքում Գրաֆսկին չի ընդունել մեղադրանքը և հրաժարվել է մեղքն ընդունող ցուցմունքներից։ Մինչդեռ 2025 թվականի օգոստոսին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հրապարակած հարցաքննության տեսագրությունում նա հայտարարել էր, որ ընդունում է իր մեղքը, և պատմել Օդատիեզերական ուժերի զինծառայողներին հետևելու և պայթուցիկ սարք հասցնելու մասին։





























