Դատախազությունը գտնում է, որ Խաչատրյան քույրերն իրենց հորը՝ Միխայիլ Խաչատրյանին սպանելիս գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում, ուստի նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման։ Այս մասին Մոսկվայի Բասմանյան դատարանի նիստում հայտարարել է դատախազը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Դատարանը քննում էր Մարիա Խաչատրյանի փաստաբանի բողոքն ընդդեմ քննիչի, որը հրաժարվել էր վերացնել նախաքննության ձգձգման հետ կապված խախտումներն ու չեղարկել աղջկա նկատմամբ կիրառված սահմանափակումները, այդ թվում՝ քույրերի հետ շփման արգելքը։ Դատարանը քննիչի գործողությունները ճանաչել է ապօրինի և պարտավորեցրել նրան կրկին քննարկել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Նախօրեին դատարանը համանման որոշում էր կայացրել մեկ այլ բողոքով ևս։
Դատախազը հայտարարել է, որ քննչական մարմինը կոպտորեն խախտում է քրեական վարույթի ողջամիտ ժամկետների պահանջները։ Նրա խոսքով՝ Մարիա Խաչատրյանն արդեն ավելի քան ութ տարի գտնվում է սահմանափակումների տակ, ինչի պատճառով զրկված է հեռախոսակապից և ինտերնետից օգտվելու, ինչպես նաև հարազատների հետ շփվելու հնարավորությունից։
Բացի այդ, նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը ցուցում է տվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել Մարիա Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։
Քննիչն իր հերթին հայտարարել է, որ հետաքննությունը շարունակվում է, աղջկա մեղքը հիմնավորվում է հավաքված ապացույցներով, իսկ գործը կարճելու և սահմանափակումները վերացնելու հիմքեր չկան։
Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինն ավելի վաղ հայտնել էր, որ մինչև տարեվերջ պետք է որոշում կայացվի քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ գործը մեղադրական եզրակացությամբ կրկին դատախազություն ուղարկելու վերաբերյալ։
2025 թվականի նոյեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել էր Միխայիլ Խաչատրյանի գործով որոշումը. նա ճանաչվել էր դուստրերի նկատմամբ բռնի հանցագործություններ կատարած։ Նրա նկատմամբ վարույթը կարճվել էր մահվան հիմքով, ինչից հետո քույրերի գործով քննությունը վերսկսվել էր։
Սպանությունը տեղի էր ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին՝ Մոսկվայի Ալտուֆևսկոյե խճուղում գտնվող բնակարանում։ Ըստ քննության վարկածի՝ երեք քույրերը հորը մահացու դանակի հարվածներ էին հասցրել։ Սկզբում նրանց տեղափոխել էին քննչական մեկուսարան, հետագայում խափանման միջոցը մեղմացվել էր՝ դառնալով որոշակի գործողությունների արգելք, իսկ ավելի ուշ նրանց վրայից հանել էին էլեկտրոնային ապարանջանները։
Մարիա Խաչատրյանի գործն ի սկզբանե առանձնացվել էր առանձին վարույթ։ Հանցագործության պահին նա ճանաչվել էր անմեղսունակ, սակայն բուժման կարիք չունեցող և վտանգ չներկայացնող։ Ավելի ուշ գործը կրկին միացվել էր հիմնականին, սակայն նրան այդպես էլ մեղադրանք չէր առաջադրվել։ Ինչպես պարզվել է նիստի ժամանակ, Մարիան շարունակում է մնալ «հանրային վտանգավոր արարք կատարելու մեջ մերկացվող» անձի կարգավիճակում։





























