Բավականին բողոքներ ենք ստացել ֆիզիկա առարկայից ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ, շատ քիչ քանակությամբ ուսուցիչներ են կարողացել հաղթահարել շեմը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը։
Նա հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին. «Արդյոք այս թեստերի հետ կապված խնդիրներ եղել են և արդյոք ևս մեկ հնարավորություն կտրվի այդ ուսուցիչներին»։
Ի պատասխան նախարարն ասաց. «Մենք այս տարի արդեն մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր գործընթացը։ Ամելի քան 10 հազար ուսուցիչներ էին դիմել, մասնակցելու ատեստավորման գործընթացին։ Հաշվի առնելով, որ մինչ այդ մենք արդեն ունեինք ավելի քան 9600 ուսուցիչներ, որոնք ատեստավորված են, հուսով եմ, որ առաջիկայում կխոսենք շատ ավելի մեծ թվով ուսուցիչների մասին, որոնք վարձատրման բարձրացման հնարավորություն ունեն։
Բացի այդ, մենք նոր շրջափուլ ենք սկսում, որ 200 հազար դրամ դրույքաչափը, որ գործում է այս պահին, նախատեսում ենք փոխարինել 300 հազարով, որի հիման վրա էլ կհաշվարկվի 30, 40, 50 տոկոս հավելավճարները։
Ինչ վերաբերում է ֆիզիկա առարկայի ուսուցիչների արդյունքներին, ճիշտ եք, իրականում, եթե մենք ունենք միջինում մինչև 70 տոկոս հաղթահարման շեմ, ապա տեսնում ենք, որ ֆիզիկայի այս տարվա արդյունքները բավականին ցածր են։ Հիմա բողոքարկման ընթացակարգ է ընթանում, որը նախատեսված է կարգով։ Մենք շատ ուշադիր կլինենք, որ այդ գործընթացը լինի օբյեկտիվ։
Ֆիզիկայի բոլոր ուսուցիչներին խնդրում եմ, որ հանգիստ լինեն, մենք իրենց բողոքները ստացել ենք և ինչպես ատեստավորման ընթացակարգով նախատեսված է, մանրամասն դրանք կդիտարկվեն և նախարարությունը հետամուտ կլինի, որ վճիռները լինեն հնարավորինս արդար և օբյեկտիվ, և ուսուցիչները կարողանան տեսնել, որ արդյունքները այնպիսին են, ինչպիսին իրենք կարող էին ակնկալել»։





























