Բանգլադեշում ոստիկանությունը արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և մահակներ է կիրառել՝ ցրելու կարի ֆաբրիկաների հազարավոր աշխատակիցների, որոնք պահանջում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը, հաղորդում է Reuters-ը։
Բախումները տեղի են ունեցել չորեքշաբթի՝ երկրի արտահանման առանցքային ճյուղերից մեկում շաբաթներ շարունակվող անկարգությունների հետնպատկերին։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ֆաբրիկաներից մեկի շուրջ 20 հազար աշխատակից դուրս է եկել փողոց և մայրաքաղաքի արվարձան Սավարում փակել Դաքքա–Արիչա մայրուղին։ Ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, որոնք փորձում էին ցրել նրանց։ Տուժածների թիվը դեռ հայտնի չէ։
Անկարգությունները տարածվել են հարևան Աշուլիա շրջանում, որտեղ, ոստիկանության տվյալներով, հուզումների պատճառով շուրջ 25 ֆաբրիկա է փակվել։ Բախումներ են տեղի ունեցել նաև Դաքքայի մերձակայքում գտնվող Գազիպուր արդյունաբերական շրջանում. բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Դաքքա–Միմենսինգհ մայրուղին և ոստիկանական ավտոմեքենա հրկիզել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։

Աշխատողները պահանջում են նվազագույն ամսական աշխատավարձը 12,5 հազար տակայից (մոտ 98 ԱՄՆ դոլար) բարձրացնել մինչև 30 հազար տակա (236 ԱՄՆ դոլար)։ Նրանք իրենց պահանջները բացատրում են կյանքի թանկացմամբ և գնաճով, որոնք նվազեցնում են բնակչության գնողունակությունը։

Բողոքի ակցիաներն ուժեղացել են նոյեմբերի սկզբին։ Վերջին շաբաթներին հարյուրավոր ֆաբրիկաներ են փակվել, իսկ արտադրության խափանումներն ու փողոցային բախումները դարձել են պարբերական։ Շատ ձեռնարկություններ դադարեցրել են աշխատանքն՝ ըստ «չկա՝ աշխատանք, չկա՝ աշխատավարձ» կանոնի, որը սեփականատերերին թույլ է տալիս անկարգությունների ընթացքում փակել ֆաբրիկաները։

Կարի արդյունաբերությունը Բանգլադեշին տարեկան շուրջ 40 միլիարդ դոլարի արտահանման եկամուտ է բերում։ Ոլորտում անմիջականորեն զբաղված է շուրջ 4 միլիոն մարդ՝ հիմնականում երկրի գյուղական շրջաններից կանայք։ Կառավարությունը հանձնաժողով է ստեղծել՝ աշխատանքի վարձատրության նոր փաթեթ մշակելու համար, սակայն նրա ջանքերը դեռ չեն բավարարել ցուցարարների պահանջները։ Հագուստի և տրիկոտաժի արտադրողների ասոցիացիաները իշխանություններին կոչ են արել ապահովել ձեռնարկությունների անվտանգությունը։





























