1873 թվականին արգենտինացի ծովագնաց Լուիս Պիեդրա Բուենան Հարավային Ամերիկայի հարավային ծայրամասի մոտ նավաբեկության ենթարկվեց, երբ ճարպ ստանալու նպատակով պինգվիններ էր որսում։ Նա և իր անձնակազմը հայտնվեցին անմարդաբնակ ափին, որտեղ անցկացրին մոտ երկու ամիս, նոր նավ կառուցեցին և հասան Չիլի։

Ավելի քան 150 տարի անց հնագետները Արգենտինայի հեռավոր կղզիներից մեկում հայտնաբերել են խորտակված նավի և ժամանակավոր ճամբարի մնացորդներ, որոնք կարող են կապված լինել փրկության այս պատմության հետ։

Antiquity ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Իսպանիայի Կադիսի համալսարանի հնագետ Նիկոլաս Սիառլոն և նրա գործընկերները նկարագրել են Հրո Երկրի մոտ՝ Էստադոս կղզու Լակրուա ծոցի գտածոները։ 2026 թվականի հունվարին հետազոտողներն Արգենտինայի ռազմածովային ուժերի աջակցությամբ այցելել են այս դժվարամատչելի վայրը։ Ուժեղ քամիներին ենթակա ափին՝ ժայռի ստորոտում, նրանք առվակի մոտ հայտնաբերել են ժամանակավոր ճամբարի հետքեր, ինչպես նաև փայտե կառուցվածքներ, որոնք նման են մի քանի նավերի մնացորդների։

Ճամբարի գտածոների թվում են ապակե ուլունքներ, կոճակներ, շիշ և ծովագնացության հետ կապված առարկաներ, մասնավորապես՝ տախտակամածի լուսավորության պրիզմայաձև տարր և ղեկային սարքի ծխնի։ Ծոցում հայտնաբերվել են նաև երեք փայտե նավակորպուսի մնացորդներ։ Փայտանյութի մի մասը կարող էր օգտագործված լինել ժամանակավոր ապաստարան կառուցելու համար։ Առայժմ պարզ չէ՝ հայտնաբերված բոլոր բեկորները պատկանե՞լ են արդյոք նույն նավին։

Հետազոտողների կարծիքով՝ ճամբարի տեղադրությունը և հայտնաբերված առարկաների բնույթը վկայում են նավաբեկությունից փրկվածների կայանատեղիի ու նավերի բեկորների միջև կապի մասին։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ գտածոները կարող են պատկանել Espora շխունա-բրիգին, որով Պիեդրա Բուենան և նրա անձնակազմը նավաբեկության են ենթարկվել պինգվինների ճարպ հայթայթելիս։

Փրկվելուց հետո ծովագնացը պատմել է, որ անձնակազմը որոշ ժամանակ անցկացրել է Լակրուա ծոցում, սակայն մասնագետները երկար ժամանակ կասկածել են՝ արդյոք նա ճիշտ է որոշել տեղանքը։ Այժմ հնագետները մտադիր են նրա վկայությունները ստուգել նյութական ապացույցների օգնությամբ։

Հետազոտողներն ամենակարևոր առարկաներից մեկն են համարում ապակե պրիզման, որն օգտագործվում էր նավերի տախտակամածներին։ Սակայն, ինչպես ընդգծել է Սիառլոն, հնարավոր չէ պարզել, թե որ նավն է խորտակվել, հիմնվելով միայն մեկ գտածոյի վրա․ դրա համար անհրաժեշտ է համադրել տարբեր վկայություններ։

Առայժմ հնագետները չեն հայտնաբերել այն վայրը, որտեղ անձնակազմը կառուցել է նոր՝ Luisito նավը, և չեն պարզել՝ արդյոք նավաստիներն ամբողջությամբ ապամոնտաժել են նավաբեկված Espora-ն։ Վերջնական եզրակացությունների համար կպահանջվի ճամբարի և փայտե բեկորների հետագա ուսումնասիրություն։ Հետազոտողները հույս ունեն, որ փայտանյութի վերլուծությունը կօգնի պարզելու նավերի ծագումը և վերականգնելու նավաբեկության ենթարկված նավաստիների երթուղին։